ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի — Sputnik. Եթե ՀՀԿ-ն խոչընդոտի Ընտրական օրենսգրքի փոփոխությունները, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարող է դիմել Սահմանադրական դատարան։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Երևանի պետական համալսարանի սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ Վարդան Այվազյանը։
Խորհրդարանական մեծամասնություն կազմող Հայաստանի Հանրապետական կուսակցությունը հայտարարել է, որ ընդդիմություն է դառնում, այսինքն ցանկության դեպքում ընդդիմադիր մեծամասնությունը կարող է տապալել կառավարության բոլոր օրենսդրական նախաձեռնությունները։
Փորձագետի խոսքով` իրավիճակն իսկապես ոչ ստանդարտ է, ընդ որում` ՀՀԿ-ի հայտարարությունը չի տեղավորվում քաղաքական համակարգի տրամաբանության մեջ, քանի որ ընդդիմության կարգավիճակը ենթադրում է, որ այդ ուժը խորհրդարանում փոքրամասնություն է կազմում։
«Եթե ՀՀԿ-ն ընդդիմություն է դառնում, ապա իրավական կարգավորումների համաձայն, հանրապետականները պետք է հրաժարվեն խորհրդարանի նախագահի, երկու փոխնախագահների պաշտոններից։ Պետք է փոխել խորհրդարանական հանձնաժողովների նախագահների թվի հարաբերակցությունը։ Սակայն հանրապետականներն այդ քայլերին չդիմելով` իրենց հռչակել են ընդդիմություն։ Նույնն է, թե մեր երկրում հայերն իրենց հռչակեն ազգային փոքրամասնություն», — նշեց Այվազյանը։
Նրա խոսքով` ՀՀԿ-ն իսկական ընդդիմություն կդառնա, եթե մի շարք հանրապետականներ դուրս գան խմբակցությունից, խորհրդարանում նրանց թիվը ԱԺ պատգամավորների կեսից քիչ լինի։
Ստեղծված իրավիճակից դուրս գալու միակ տարբերակը խորհրդարանական արտահերթ ընտրություններն են։ Միայն այդ ընտրությունների օգնությամբ կարելի է ձևավորել կառավարություն, որը կարտացոլի երկրի ներկայիս քաղաքական իրողությունն ու ժողովրդի սպասումները։ Սակայն դրա համար Ընտրական օրենսգրքում պետք է փոփոխություններ մտցնել, ինչն իր հերթին ենթադրում է, որ պատգամավորների 3/5 պետք է քվեարկեն դրա օգտին։ Դա շատ բարդ է` հաշվի առնելով, որ հանրապետականները դժվար թե համաձայնեն սատարել Ընտրական օրենսգրքի փոփոխությունները։ Ներկայիս ընտրական օրենսգիրքն ամբողջովին բխում է ՀՀԿ-ի շահերից։
Այվազյանի խոսքով` եթե վարչապետ Նիկոլ Փաշինյանին չհաջողվի փոփոխություններ մտցնել Ընտրական օրենսգրքում, ապա որպես այլընտրանք կարելի է Սահմանադրական դատարան դիմել ու փորձել ռեյտինգային ընտրական ցուցակները հակասահմանադրական ճանաչել։ Սահմանադրությունն ասում է` խորհրդարանը ձևավորվում է բացառապես համամասնական համակարգով, իսկ ռեյտինգային համակարգն իր բովանդակությամբ համապատասխանում է մեծամասնականին, որն ըստ էության չի համապատասխանում երկրի հիմնական օրենքին։