ՌԱԴԻՈ

Հակոբյան. «Մադրիդյան սկզբունքները» չեն արտացոլում ո՛չ Երևանի, ո՛չ էլ Բաքվի ակնկալիքները»

Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը Sputnik Արմենիայի եթերում վերլուծել է ՀՀ նոր վարչապետի` ղարաբաղյան հիմնահարցի վերաբերյալ հայտարարությունները։
Sputnik
Վիգեն Հակոբյան

Պաշտոնական Երևանը վերանայում է այն մոտեցումները, որոնք ամրագրված էին դեռևս երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի օրոք։ Վերլուծելով ԼՂ բանակցային գործընթացի մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները` եզրակացնում է քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը։

Հակոբյանի խոսքով` բանակցությունների 10-15 տարիների ընթացքում Հայաստանն ու Ադրբեջանը փաստորեն փակուղում են հայտնվել, քանի որ այդ բանակցությունների արդյունքում մշակած փաստաթուղթը` «Մադրիդյան սկզբունքները», չի արտացոլում ո՛չ Երևանի, ո՛չ էլ Բաքվի ակնկալիքները։

«Այն, ինչ այսօր խոսեց ՀՀ նորանշանակ վարչապետը, ընդամենը նշանակում է, որ Երևանը խստացնում է իր դիրքորոշումը»,- ասում է Հակոբյանը` հավելելով, որ իր այդ հայտարարությամբ Փաշինյանը փարատեց նաև Արցախի հիմնահարցի մասին իր դիրքորոշման վերաբերյալ առկա մտահոգությունները։