Թուրքիան ընտրությունների նախաշեմին. իշխանությունները տասնյակ քաղաքացիների են ձերբակալել

Թուրքական իշխանությունները խստացնում են հսկողությունը երկրում` պատրաստվելով երկրում արտահերթ նախագահական ու խորհրդարանական ընտրություններին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի — Sputnik. Թուրքիայի դատախազությունը ձերբակալել է մոտ 100 մարդու, որոնք մեղադրվում են աստվածաբան Ֆեթուլլահ Գյուլենի կազմակերպության հետ կապ ունենալու մեջ։ Այս մասին հայտնում է Anadolu գործակալությունը։

Մասնավորպես, Իզմիր արևմտյան շրջանի դատախազությունն այսօր 96 մարդու ձերբակալման հրամանագիր է տվել։ Այդ քաղաքացիների ճնշող մեծամասնությունը ծառայությունից հեռացված զինվորականներ են։

Թուրքիայում ազատ են արձակել Գիա Քութաիսցու սպանության մեղադրանքով ձերբակալված հայերին

Ոստիկանությունը երկրի 15 շրջաններում անցկացված ստուգումների արդյունքում 65 քաղաքացի է ձերբակալել։

Աստվածաբան Ֆեթուլլահ Գյուլենի կազմակերպությունը (FETO) Թուրքիայում ահաբեկչական է համարվում։ Ինքը՝ Գյուլենը, Թուրքիայի գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավոր ընդդիմադիրն է։ Իշխանությունները մեղադրում են ԱՄՆ-ում ապրող քարոզչին 2016 թվականի հուլիսին Թուրքիայում տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձին մասնակից լինելու մեջ։

Այս պահին Թուրքիայում ներքաղաքական վիճակը լարված է։ Երկիրը պատրաստվում է արտահերթ նախագահական ընտրություններին, որոնք կկայանան հունիսի 24-ին։ Նախատեսվում է, որ գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկրորդ անգամ կընտրվի երկրի նախագահ։

2017 թվականի ապրիլին երկրում տեղի ունեցավ սահմանադրական հանրաքվե, որը զգալիորեն ընդլայնեց նախագահի լիազորությունները։ Սահմանադրական փոփոխություններն ուժի մեջ կմտնեն նախագահական ընտրություններից հետո։