Երևանի քաղաքապետի կողմնակիցը հացադուլ հայտարարեց

Շարքային քաղաքացին որոշել է պաշտպանել Երևանի քաղաքապետին ու նրա ընդդիմախոսների դեմ հացադուլ է սկսել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի — Sputnik. Արո անունով ներկայացած տղամարդը նստացույց ու հացադուլ հայտարարեց Երևանի քաղաքապետարանի մոտ հավաքված ակտիվիստների դեմ։ Այս մասին հայտնում է Sputnik Արմենիայի թղթակիցը։

«Ինչո՞վ է Տարոն Մարգարյանը վատը», — գոռում է նա։

Բողոքարարն ասաց, որ հոգնել է Տարոն Մարգարյանին ուղղված հարձակումներից ու միայնակ դուրս է գալիս բոլորի դեմ։ Նա նաև պահանջեց, որ Ավագանու «Երկիր ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հրաժարական տա։

Ցուցարարները պահանջում են Տարոն Մարգարյանի հրաժարականը. լուսանկարներ

Ցուցարարները ծիծաղով արձագանքեցին տղամարդու միայնակ բողոքին։ Հետո նրանք որոշեցին ուշադրություն չդարձնել միայնակ ցուցարարին` հայտնելով, որ նրան Հանրապետական խմբակցության անդամներն են ուղարկել։

Նշենք, որ մայիսի 10-ին ցուցարարները փակել են Երևանի քաղաքապետարանի ճանապարհն ու քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ հանդիպում են պահանջում։

Ոստիկանները հավաքվածներին կոչ արեցին բացել ճանապարհը, բայց քաղաքացիներն անտեսեցին նրանց հորդորը։

Ակտիվիստները, բացի քաղաքապետի հրաժարականից, պահանջում են նաև, որ Ավագանին ցրվի։