ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի — Sputnik. «Լույս» հիմնադրամը դադարեցնում է իր գործունեությունը։ «Լույս» հիմնադրամի կրթական ծրագրի հիմնադիր-գործադիր տնօրեն Ժաքլին Կարաասլանյանը հայտարարություն է տարածել` նշելով, որ այսօր՝ մայիսի 10-ին, «Լույսի» աշխատակազմին և իրեն ծանուցում է ներկայացվել աշխատանքի դադարեցման մասին։
«Ցանկանում եմ վստահեցնել «Լույսի»՝ ուսումը շարունակող կրթաթոշակառուներին և 2018-2019 ուստարվա համար արդեն դիմած երիտասարդներին (Կրթաթոշակի ծրագրի պայմաններին բավարարող), որ նրանց այս տարի ևս կշնորհվի կրթաթոշակ։ Այս մասին պաշտոնական հաղորդագրություն կտարածվի շուտով»,- ասել է նա։
Գործադիր տնօրենը չի նշել, թե ով և ինչպես է ծանուցել հիմնադրամի գործունեության դադարեցման մասին։
«Լույս» հիմնադրամի հիմնադիրներն էին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը և նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Հիմնադրամը գործում էր 2009 թվականից։ Հիմնադրամի առաքելությունն աշխարհի առաջատար համալսարաններում սովորող հայ ուսանողների թվի ավելացումն էր՝ համաշխարհային տնտեսությանը Հայաստանի ակտիվ մասնակցությունն ապահովելու համար։