Ռուսաստանը կարող է արգելել Հայաստանից բանջարեղենի ներմուծումը

Գերատեսչությունում բացատրել են, թե ինչի հետ է կապված նման «արմատական» որոշումը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի — Sputnik. Հայաստանից Ռուսաստան առաքվող բանջարեղենի վրա կարող են ժամանակավոր սահմանափակումներ դրվել։ Այս մասին հայտնում է Ռոսսելխոդնադզորի մամուլի ծառայությունը։ Նման որոշում է ընդունվել՝ կապված հայկական լոլիկում և վարունգում կարանտինային օբյեկտներ հայտնաբերելու հետ։

«Եթե շարունակվի կարանտինի ենթակա արտադրանքի, այդ թվում կարանտինային օրգանիզմների առկայությամբ արտադրանքի առաքումը, Ռոսսելխոզնադզորը ստիպված կլինի ժամանակավորապես սահմանափակել կարանտինի ենթակա արտադրանքի ներմուծումը ՀՀ-ից Ռուսաստան»,-նշված է գերատեսչության հաղորդագրությունում:

Ինչպես բացատրել են Ռոսսելխոզնադզորում, 2018-ի մայիսին խստացվել է Վերին Լարսում Հայաստանից ներկրվող արտադրանքի ֆիտոսանիտարական վերահսկողությունը: Մայիսի 3-9-ը Ռոսսելխոզնադզորի մասնագետները բացահայտել են ՌԴ համար կարանտինային համարվող 2 օբյեկտներ հայտնաբերելու յոթ դեպքեր. լոլիկում գտել են հատուկ տեսակի ցեց, իսկ վարունգում` արևմտյան (կալիֆոռնիական) թրիփոս: Ամբողջ գյուղատնտեսական արտադրանքը վերադարձվել է արտահանողին:

Միաժամանակ գերատեսչությունում նշել են, որ բուսաբուծական արտադրանքը ստացվել է ֆիտոսանիտարական հավաստագրերով, որոնք տրվել են Հայաստանի գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից, ինչը պետք է երաշխավորեր դրա անվտանգությունը։

Ռոսսելխոզնադզորը դիմել է Հայաստանի գյուղատնտեսության նախարարություն՝ պահանջելով պաշտոնական հետաքննություն անցկացնել խախտումների վերաբերյալ և միջոցներ ձեռնարկել նման դեպքեր թույլ չտալու համար։