Ինչո՞ւ են պատգամավորները հրաժարվել մանդատից. «Գրանդ Հոլդինգի» հայտարարությունը

«Գրանդ Հոլդինգը» ողջունում է քաղաքական գործիչներին և համարում, որ նրանք դրսևորեցին լրջագույն զսպվածություն, խոհեմություն և հայրենասիրություն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի — Sputnik. Նոր Հայաստանի Ազգային ժողովում գործարարների ներկայության կարիք այլևս չի լինելու։ Այս մասին հայտարարել է «Գրանդ Հոլդինգը»` մեկնաբանելով տեղեկությունն այն մասին, որ «Գրանդ Հոլդինգի» կողմից Ազգային ժողովում ներկայացված անկուսակցական պատգամավորներ Գրիգոր Ավալյանը և Արմեն Բաբայանը հրաժարվել են պատգամավորի մանդատից։

Պատգամավոր Արմեն Բաբայանը լքում է ԱԺ–ն. նա վերադառնում է կոնֆետների՞ն

«Մենք երբեք որևէ կուսակցության անդամագրված չենք եղել. մեր քաղաքականությունը մեր աշխատանքն է ու մեր պայքարը՝ ի նպաստ մեր երկրի տնտեսության զարգացման: Մենք միշտ եղել ենք, կանք ու լինելու ենք ժողովրդի հետ: Մենք հպարտանում ենք մեր ժողովրդով, մեր երիտասարդներով»,- նշված է հայտարարության մեջ:

«Գրանդ Հոլդինգի» սեփականատերեր Միքայել և Կարեն Վարդանյանները ողջունում են քաղաքական գործիչներին, որ դրսևորեցին լրջագույն զսպվածություն, խոհեմություն և հայրենասիրություն:

«Ամբողջ հայությամբ ցնցեցինք աշխարհը մեր ժողովրդավարությամբ, մեր համախմբվածությամբ, մեր խաղաղասիրությամբ: Թո՛ղ այս օրերի ուրախությունը և ոգեշնչվածությունը երկար մնան մեր սրտերում: Փա՛ռք ազատ, արդար և հաղթական հայ ժողովրդին»,- նշել են եղբայրները:

Նշենք, որ ԳրիգորԱվալյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել մայիսի 1-ին, Արմեն Բաբայանը` այսօր` մայիսի 10-ին։