Փաշինյանն ասել է` ինչ սպասումներ ունի Վրաստանի վարչապետից

Հայ-վրացական հարաբերությունները պետք է նոր դինամիկա ստանան և խորանան բոլոր ոլորտներում, կարծում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի — Sputnik. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը վրացի գործընկեր Գեորգի Կվիրիկաշվիլիին հրավիրել է Հայաստան և նույնպիսի հրավեր է ակնկալում Թբիլիսիից։ Այդ մասին նա ասել է «Պիրվելի արխի» (Առաջին ալիք) հեռուստաալիքին տված հարցազրույցում։

«Բնականաբար, ես հնարավորինս արագ կայցելեմ Վրաստան։ Իմ հերթին Վրաստանի վարչապետին հրավիրում եմ Հայաստան», — ասել է Փաշինյանը։

Նա նաև հույս է հայտնել, որ նման հրավեր կստանա Վրաստանից։ Փաշինյանը նշել է, որ Թբիլիսիի և Երևանի միջև երկկողմ հարաբերություններն անհրաժեշտ է խորացնել` անկախ տարածաշրջանային իրավիճակներից և աշխարհաքաղաքական դասավորությունից։

«Երբեմն Թբիլիսիի և Երևանի միջև հարաբերությունների վրա ազդում են աշխարհաքաղաքական գործոններ, որոնք, ցավոք, միշտ չէ, որ դրական են», — ասել է Փաշինյանը։

Նա ընդգծել է, որ երկկողմ հարաբերությունները պետք է նոր դինամիկա ստանան, խորանան բոլոր ոլորտներում։

ԱԱԾ–ն այսուհետ կզբաղվի իր ուղիղ գործառույթներով. Փաշինյանը հիշեցրեց դրանք

Հիշեցնենք, որ պաշտոնական Թբիլիսին «թավշյա հեղափոխության» բոլոր օրերին ուշադիր հետևել է Երևանում ստեղծված իրավիճակին։ Ավելի վաղ Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին նոր պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։

Նա ընդգծել է, որ Վրաստանն աջակցում է եղբայրական Հայաստանին՝ հույս հայտնելով, որ մեր երկրների միջև ամուր կապերը և բարեկամությունը կխորանան։ Վրաստանի նախագահ Գեորգի Մարգելաշվիլին իր հայ գործընկեր Արմեն Սարգսյանին հրավիրել է Թբիլիսի՝ մայիսի 26-ին հանրապետության 100-ամյակը տոնելու։