Նիկոլ Փաշինյանն արգելեց սնունդ, կոշիկ, ներքնաշոր ու հագուստ ուղարկել բանակ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը զինծառայողների ծնողներին հորդորում է այլևս հագուստ, կոշիկ ու հիգիենիկ պարագաներ չուղարկել ժամկետային ծառայություն անցնող որդիներին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի – Sputnik. Պետությունը պետք է իր զինվորին ապահովի սննդով, հագուստով, ներքնաշորով ու կոշիկով, ֆեյսբուքյան իր տեսաուղերձում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա նշեց, որ առավոտյան իր մոտ է հրավիրել Գլխավոր շտաբի պետին և ԳՇ թիկունքային ապահովման ներկայացուցչին։

«Մենք քննարկեցինք զինվորների ապահովման խնդիրները։ Ժամկետային զինծառայողների ծնողները ստիպված են իրենց երեխաներին ուղարկել տարբեր հիգիենայի պարագաներ, հագուստ, կոշիկներ։ Հարցը շատ խիստ դրել եմ ԳՇ ներկայացուցիչների առաջ։ Ժամկետային զինծառայողների հարգելի ծնողներ, դուք առանց այն էլ մեծ ծառայություն եք մատուցում հայրենիքին, երբ ձեր զավակներին ուղարկել եք հայոց բանակ՝ ծառայության։ Մեր պետությունը պարտավոր է ձեր երեխաներին ապահովել ամեն ինչով»,- ասաց Փաշինյանը։ 

Նա կոչ արեց այս պահից սկսած զինվորների համար չուղարկել հիգիենիկ պարագաներ, հագուստ, զինվորական կոշիկ, այն ամենը, ինչ պետությունը պարտավորված է տալ զինվորին։

Օնլայն վարչապետը. ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանն անընդհատ ուղիղ եթեր մտնում Ֆեյսբուքում

«Եթե կստացվի այնպես, որ ձեր զավակները կասեն, որ ապահովված չեն այդ պարագաներով, հագուստով, կոշիկներով, ներքնաշորերով, այդ դեպքում խնդրում եմ դիմել ՀՀ վարչապետի աշխատակազմ կամ մամուլով հրապարակել ձեր ունեցած խնդիրները։ Գլխավոր շտաբը պարտավորվել է, որ ամեն ինչով ապահովելու է զինվորներին, այդ թվում՝ որակյալ սննդով»,- նշեց Փաշինյանը։

ՀՀ վարչապետը հորդորեց դիմել ՀՀ վարչապետի աշխատակազմ կամ մամուլով հրապարակել ունեցած խնդիրները՝ նշելով զորամասը: Նա խոստացավ անմիջապես արձագանքել մամուլում տեղ գտած ցանկացած նման հրապարակման:

«Ստացել եմ հավաստիացումներ ու վստահ եմ, որ այս խնդիրը կլուծվի»,- ասաց Փաշինյանը:

Իսկ եթե հավաստիացումներից հետո պարզվի, որ խնդիրները չեն լուծվել, կլինեն պատասխանատվության ենթարկվողներ: