ԱԱԾ–ն այսուհետ կզբաղվի իր ուղիղ գործառույթներով. Փաշինյանը հիշեցրեց դրանք

ՀՀ վարչապետը ԱԱԾ նոր տնօրենին ֆեյսբուքյան տեսաուղերձում հանձնարարել է տեսանելի արդյունքներ ապահովել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 Մայիս — Sputnik. Ազգային անվտանգության ծառայության գործառույթները մինչև այսօր խեղաթյուրված են եղել, ֆեյսբուքյան իր էջում, մեկնաբանելով ԱԱԾ պետի նշանակման մասին որոշումը, ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Օնլայն վարչապետը. ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանն անընդհատ ուղիղ եթեր մտնում Ֆեյսբուքում

«ԱԱԾ-ն ավելի շատ ներքաղաքական խնդիրների մասնակից է եղել, քան անվտանգության ապահովմամբ է զբաղվել»,- նշեց նա։

Այսուհետ ԱԱԾ նոր տնօրենի ու նրա աշխատակազմի առաջ Նիկոլ Փաշինյանը հստակ խնդիր է դնում` ապահովել երկրի ու քաղաքացու անվտանգությունը։

ԱԱԾ հիմնական գործառույթը`հակահետախուզությունն ու հետախուզությունը, Նիկոլ Փաշինյանի համոզմամբ, պետք է լիարժեք կատարվի։ Բայց դրա հետ միասին վարչապետը ԱԱԾ նոր պետին հանձնարարում է լրջորեն զբաղվել նաև իր մյուս գործառույթներով`մաքսանենգության ու կոռուպցիայի դեմ պայքարով։

«Առաջիկայում ընդհանրապես պետք է բացառվի մաքսային ոլորտում որևէ կարգի չարաշահում։ ԱԱԾ-ն պետք է նաև լրջագույն գործառույթներ իրականացնի կոռուպցիայի դեմ պայքարում։ Մենք պետք է կոռուպցիան արմատախիլ անենք ՀՀ-ից, և դա պետք է անենք շատ արագ»,-ասաց Փաշինյանը։

Նրա խոսքով` ՀՀ քաղաքացիներն ամեն օր պետք է զգան այդ պայքարի արդյունքները։ Իսկ պաշտոնյային գնահատելիս պետք է հաշվի առնվեն առաջին հերթին այն արդյունքները, որոնք նա կապահովի իր աշխատանքի ընթացքում։

Նշենք, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով ԱԱԾ տնօրեն է նշանակվել Արթուր Վանեցյանը։