Կարո Փայլանը շնորհավորում է հայերին. «Ժողովուրդը հաղթեց ժողովրդավարության համար պայքարում»

Թուրքիայի խորհրդարանի պատգամավորները շնորհավորել են հայ ժողովրդին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի — Sputnik. Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանը շնորհավորանք է հղել Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունների կապակցությամբ: Նա գրառում է հրապարակել թվիթերյան միկրոբլոգերում:

«Հայ ժողովուրդը հաղթեց ժողովրդավարության համար պայքարում: Շնորհավորում եմ»,- գրել է քրդամետ ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավոր Փայլանը:

Հայաստանյան իրադարձություններին արձագանքել է նաև Հանրապետական ժողովրդական կուսակցության պատգամավոր Սելինա Դողանը։

«Հայաստանում տեղի են ունենում զարգացումներ, որոնք կանցնեն համաշխարհային ժողովրդավարության պատմության մեջ: Փոփոխության և ժողովրդավարության՝ ժողովրդի պահանջի դիմաց որևէ ուժ չի կարող կանգ առնել: Շնորհավոր այս պահանջի համար պայքարի առաջնորդների և ժողովրդի հաղթանակը»,- գրել է նա։

«Սուս կաց, տո՛». Կարո Փայլանը` Էրդողանին

Փայլանը Էրդողանի ռեժիմի հետևողական քննադատողներից մեկն է, այդ թվում նաև` Օսմանյան կայսրությունում իրականացրած Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում։ 2016 թվականի ապրիլին խորհրդարանի նիստերից մեկի ժամանակ Փայլանը հանդես եկավ նախաձեռնությամբ` պահանջելով խորհրդարանական հանձնաժողով ձևավորել և հետաքննել 7 հայ պատգամավորներին Օսմանյան կայսրության տարիներին ձերբակալելու և սպանելու մասին գործը։ 1908-1915 թվականներին 6 հայ պատգամավոր է սպանվել` Գրիգոր Զոհրապ, Պետրոս Հալաջյան, Նազարեթ Տաղավարյան, Կարապետ Փաշայան, Հովհաննես Սերենկյուլյան, Օնիկ Դերձակյան, Համբարձում Բոյաջյան։ Նրանց անունները կարդալով` Փայլանը հայերենով ասաց «Աստված հոգիները լուսավորի»։

Հայ պատգամավորը նաև բազմիցս կոչ է արել երկրի իշխանությանը ընդունել սեփական պատմությունը և ճանաչել հայ ժողովրդի Ցեղասպանության փաստը։