Միջուկային գործարքի թեմայով կհանդիպեն Իրանի, Ֆրանսիայի ու Մեծ Բրիտանիայի ԱԳՆ ղեկավարները

Իրանի, Ֆրանսիայի ու Մեծ Բրիտանիայի արտգործնախարարները պայմանավորվել են միջուկային գործարքի թեմայով հանդիպում անցկացնել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի — Sputnik. Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը պայմանավորվել է ֆրանսիացի ու բրիտանացի գործընկերների հետ միջուկային գործարքի վերաբերյալ հանդիպում անցկացնել։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Իրանի ԱԳՆ–ին։

«Զրույցի ընթացքում կողմերը պայմանավորվել են փորձագետների ու նախարարների մակարդակով հանդիպումներ անցկացնել», – նշվում է չորեքշաբթի կայացած հեռախոսազրույցին մասին հայտարարության մեջ։

Ֆրանսիան կշարունակի հետևել իրանական միջուկային գործարքի համաձայնագրի բոլոր կետերին․ Մակրոն

Նշվում է, որ Զարիֆը պահանջել է Մեծ Բրիտանիայի ու Ֆրանսիայի արտգործնախարարներ Բորիս Ջոնսոնից Ժան Իվ Լե Դրիանից երաշխիքներ ներկայացնել, որ Իրանը կկարողանա օգտվել այն շահերից, որն առաջարկում է իրանական միջուկային ծրագրի մասին համաձայնագիրը։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մայիսի8–ին հայտարարել է, որ երկիրը դուրս է գալիս Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրից։ Ամերիկյան կողմը կարծում է, որ համաձայնագիրը Թեհրանին միջուկային զենք արտադրելու հարցում գործողությունների ազատություն է տվել։

Իրանի ու «վեցնյակի» (Ռուսաստան, ԱՄՆ, Չինաստան, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա ու Գերմանիա) միջև համաձայնագիրը ստորագրվել է 2015 թվականի հուլիսին Վիեննայում։

Դրա կատարումը հանում էր Թեհրանի վրայից ավելի վաղ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի, ԱՄՆ-ի ու Եվրամիության սահմանած տնտեսական ու ֆինանսական պատժամիջոցները, որոնք կիրառվում էին միջուկային մշակումների պատճառով։