Պատգամավոր Արմեն Բաբայանը լքում է ԱԺ–ն. նա վերադառնում է կոնֆետների՞ն

Բաբայանը հեռանում է խորհրդարանից, թեև նրա ընկերության սեփականատերերն աջակցել էին Նիկոլ Փաշինյանին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի — Sputnik. Պատգամավոր Արմեն Բաբայանը ՀՀ խորհրդարանից հեռանալու մասին դիմում է ներկայացրել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեղեկությունը հաստատեցին ՀՅԴ խմբակցությունում։

Խաչիկ Ասրյանը լքել է ՀՀԿ–ն և նոր կուսակցություն է հիմնում

Բաբայանը դաշնակցական չէ (անկուսակցական է), բայց երկու անգամ ԱԺ մանդատ է ստացել Դաշնակցության ցուցակով (2012-2017 թվականների և ներկա գումարման խորհրդարանում)։ Մինչ այդ նա «Գրանդ Քենդի» ընկերության գործադիր տնօրենն էր։

Մայիսի 4-ին հրաժարական էր տվել Դաշնակցության մեկ այլ պատգամավոր Աղվան Վարդանյանը։ Մայիսի 1-ին խմբակցության կամքին հակառակ նա վարչապետի ընտրություններին դեմ էր քվեարկել Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը։

Սակայն ի տարբերություն Վարդանյանի` Բաբայանը կողմ էր քվեարկել։ Ավելի վաղ` ապրիլի 25-ին, Փաշինյանի բողոքի շարժմանն էին միացել «Գրանդ Քենդիի» սեփականատերեր Վարդանյան եղբայրները։

Պատգամավորի լիազորությունները լրանում է հեռանալու մասին դիմում ներկայացնելուց մեկ շաբաթ անց։ Այսպիսով` Աղվան Վարդանյանի լիազորություններն ավարտվում են վաղը, իսկ Արմեն Բաբայանինը` մեկ շաբաթ անց։ Համամասնական ցուցակում նրանց հաջորդում են Ռուզաննա Առաքելյանը (նախկին պատգամավոր) ու Սպարտակ Սեյրանյանը (կրթության նախկին նախարար)։