Սևակ Խանաղյանը չանցավ «Եվրատեսիլի» եզրափակիչ փուլ

Եզրափակիչ անցան Ավստրիայի, Էստոնիայի, Կիպրոսի, Լիտվայի, Իսրայելի, Չեխիայի, Բուլղարիայի, Ալբանիայի, Իռլանդիայի և Նիդեռլանդների ներկայացուցիչները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 մայիսի — Sputnik. Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում մայիսի 8-ին տեղի ունեցավ «Եվրատեսիլ 2018» երգի միջազգային մրցույթի առաջին կիսաեզրափակիչը, որում Հայաստանի ներկայացուցիչ Սևակ Խանաղյանն իր «Քամի» երգով ելույթ ունեցավ 16-րդ համարի ներքո:

Առաջին կիսաեզրափակչում 19 երկրների ընտրալ երաժիշտներ պայքարեցին եզրափակչում հայտնվելու համար:

Լիսաբոն, Սևակ Խանաղյան, կապույտ գորգ. «Եվրատեսիլ 2018»-ի նախապատրաստում

Կատարողների ելույթներից հետո քվեարկության արդյունքներով Հայաստանի ներկայացուցիչ Սևակ Խանաղյանը չանցավ եզրափակիչ փուլ:

Եզրափակիչ անցան Ավստրիայի, Էստոնիայի, Կիպրոսի, Լիտվայի, Իսրայելի, Չեխիայի, Բուլղարիայի, Ալբանիայի, Իռլանդիայի և Նիդեռլանդների ներկայացուցիչները։

«Ալտիս արենա»-ի բեմում երկրորդ կիսաեզրափակչում՝ մայիսի 10-ին, ելույթ է ունենալու 18 մասնակից: Նրանցից ժյուրին և հանդիսատեսը քվեարկությամբ կընտրեն 10 մասնակցի, որոնք մայիսի 12-ին կայանալիք եզրափակիչ փուլում կմրցեն առաջին տեղի համար:

«Եվրատեսիլ 2018»-ին մասնակցում են 42 երկրների ներկայացուցիչներ: Մրցույթն այս տարի կրում է «All Aboard» («Բոլորս դեպի տախտակամած») թեմատիկ նշանաբանը:

63-րդ մրցույթի մասնակից երկրների ցուցակում են Ռուսաստանը, Ալբանիան, Հայաստանը, Ավստրալիան, Ավստրիան, Իռլանդիան, Նորվեգիան, Լեհաստանը, Պորտուգալիան, Ռումինիան, Սան Մարինոն և այլ երկրներ: