Հային, վրացուն և ղազախին փնտրում են Սանկտ Պետերբուրգում հնչած կրակոցների պատճառով

Սանկտ Պետերբուրգում տղամարդն օրը ցերեկով կրակել է, հետո նստել է Mercedes–ն ու հեռացել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 մայիսի — Sputnik. Սանկտ Պետերբուրգի Կալինինի շրջանում մայիսի 7-ին անհայտ անձը կրակել է մի տղամարդու վրա, որից հետո նստել է Mercedes մակնիշի ավտոմեքենան ու հեռացել։ Մեքենայի սեփականատերը 57 տարեկան հայ է, այս մասին հայտնում է Газета.СПб-ն։

Հայը Մոսկվայում գողացած Էքսկավատորով զբոսանքի էր դուրս եկել

Միջադեպի ականատես է դարձել Սանկտ Պետերբուրգի բնակիչներից մեկը, որը դիմել է ոստիկանություն և պատմել, որ Ֆեդոսեենկո փողոցի թիվ 19 տան մոտակայքում սպիտակ բաճկոնով և կեպիով անհայտ անձը կրակել է տղամարդու ուղղությամբ, նստել մեքենան և հեռացել, որից հետո տուժածին նստեցրել են մեկ այլ ավտոմեքենա և տարել անհայտ ուղղությամբ։

Ոստիկանները պարզել են, որ կրակողը նստել է մոխրագույն Mercedes մակնիշի ավտոմեքենան, իսկ վիրավոր տղամարդուն տարել սև Toyota Camry-ով, իսկ մինչ այդ կրակողը մոտեցել է Toyota Land Cruiser-ին և ինչ-որ բան փոխանցել վարորդին (ենթադրաբար` զենք), որից հետո մեքենան հեռացել է դեպքի վայրից։

Երեք ավտոմեքենաների սեփականատերերի ինքնությունն էլ պարզվել է։ Mercedes մակնիշի ավտոմեքենայի սեփականատերը 57 տարեկան հայ է, Toyota Camry-ինը` 31 տարեկան ղազախ, իսկ Toyota Land Cruiser-ինը` 41 տարեկան վրացի։

Մեքենաների սեփականատերերին փնտրում են։