Փաշինյանի կառավարությունը կհարգի Սերժ Սարգսյանի` առանձնատնից հրաժարվելու որոշումը

Նիկոլ Փաշինյանը խոստացավ` ՀՀ 3-րդ նախագահը կստանա օրենքով նախատեսված բոլոր արտոնությունները, բայց առանձնատնից հրաժարվելու դիմումը կբավարարվի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 մայիսի — Sputnik. Նոր կառավարությունը կհարգի նախկին վարչապետ Սերժ Սարգսյանի` կառավարական առանձնատան սեփականության իրավունքից հրաժարվելու մասին դիմումը։ Այս մասին այսօր Արցախում լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետ Սերժ Սարգսյանը հրաժարվել է իրեն հատկացված առանձնատնից

Նա նաև հայտնեց, որ որպես Սարգսյանը կստանա օրենքով նախատեսված բոլոր արտոնությունները։

Հիշեցնենք, մարտի 29-ին ՀՀ կառավարությունը որոշում էր կայացրել «Կոնդի առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ-ի հաշվեկշռում եղած 6-րդ մասնաշենքում գտնվող շենքը և շինությունները՝ 1.5365 հա սպասարկման տարածքով, սեփականության իրավունքով անհատույց տրամադրել Սերժ Սարգսյանին՝ որպես բնակարան:

Սա կառավարական այն առանձնատունն է, որտեղ Սերժ Սարգսյանը բնակվել էր իր պաշտոնավարման ընթացքում։

Ապրիլի 17-ին ԱԺ արտահերթ նիստում, երբ քննարկվում էր Սերժ Սարգսյանին վարչապետ ընտրելու հարցը, «Ելք» խմբակցությունն անդրադարձել էր այդ առանձնատան հարցին` կոչ անելով Սերժ Սարգսյանին հրաժարվել դրանից։

Ի պատասխան Սերժ Սարգսյանն արձագանքել էր. «Եթե օրենքով չի հասնում, կարող եմ հետ վերադարձնել: Բայց եթե հասնում է, կարող եք շնորհավորել, որովհետև բոլոր դեպքերում ես էլ ունեցա սեփական տուն Երևանում»։

Մեկ օր անց`ապրիլի 18-ին, Սերժ Սարգսյանը կառավարության նիստում հայտարարել էր, որ հրաժարվում է իրեն հատկացված սեփականությունից։

Կառավարության մարտի 29-ի որոշումը մինչ օրս չեղյալ չի ճանաչվել։