ԵՐԵՎԱՆ, 9 մայիսի — Sputnik. Բանանի գինն արդեն 150 դրամով նվազել է, Sputnik Արմենիայի հետ զրույցում, վերլուծելով հայաստանյան հեղափոխության տնտեսական արձագանքները, ասաց տնտեսագետ Ատոմ Մարգարյանը։
Նրա խոսքով` էժանացումները բանանով չեն սահմանափակվի, այլ շուկաներում ևս միտումներ նկատելի են։
«Մարդիկ հասկանում են, որ, եթե գների մեջ կա կոռուպցիոն բաղադրիչ, դրանք վաղ թե ուշ ջրի երես են դուրս գալու, և հանձնարարականները տրվելու են համապատասխան կառույցներին` ՊԵԿ-ին, ՏՄՊՊՀ-ին։ Եվ այդ կառույցներն աշխատելու են, որպեսզի հիմնավորումներ ներկայացնեն»,- ասաց Մարգարյանը։
Տնտեսագետը չի բացառում նաև, որ պետական որոշ կառույցներ, նոր իրողություններից ելնելով իրենք կչափավորեն իրենց կոռուպցիոն ախորժակը։
Փաշինյանի խորհրդարանական ելույթում երեկ արդեն որոշակի ծրագրերի մասին ակնարկներ են հնչել։ Մասնավորապես` արագաչափերի տուգանքների վերանայման, ՀԴՄ կտրոններով առևտրաշրջանառության ստվերի երևակման, որոշակի կոռուպցիոն ռիսկեր ունեցող գործարքների վերանայման ծրագրերը, ըստ Մարգարյանի, կարող են կյանքի կոչվել կարճ ժամանակում։ Իսկ բանկային, համակարգի, գյուղվարկերի տոկոսադրույքների վերանայման, սոցիալ-տնտեսական այլ ծրագրերը միջնաժամկետ ժամանակահատված ենթադրող անելիքներ են։
Խոստումներն իրագործելու համար, Ատոմ Մարգարյանի խոսքով, Փաշինյանին այժմ անհրաժեշտ է պրոֆեսիոնալների ու վստահելի անձանց թիմ ձևավորել։ Տնտեսագետի համոզմամբ, դրանում նախկին նախարարները տեղ չպիտի ունենան։
«Կարող է, օրինակ, նախկին նախարարը գլխավոր խորհրդականի կամ փոխնախարարի կարգավիճակ ունենալ։ Բայց այդ դեպքում պետք է վայր դնի կուսակցական տոմսը, իսկ դա արդեն խնդիր է ստեղծելու իր կուսակցության հետ»,- ասում է նա։
Դատելով երեկ Ազգային ժողովում հնչած հայտարարություններից` Մարգարյանը ենթադրում է, որ ՀՀԿ-ի և նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի թիմի անդամները նոր կառավարության կազմում չեն լինելու։