ԵՐԵՎԱՆ, 9 մայիսի — Sputnik. Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մայիսի 9-ին հանդիպում է ունեցել Հաղթանակի տոնի, Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի և Շուշիի ազատագրման 26-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումների շրջանակում Արցախ ժամանած Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:
Այս մասին տեղեկացնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:
Քննարկվել է հայկական երկու պետությունների փոխգործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ:
Փաշինյանն ընդգծել է, որ ԵԱՀԿ ՄԽ շրջանակում բանակցությունների ձևաչափը չի կարող ամբողջական համարվել, քանի դեռ դրանց չի մասնակցում Արցախը։
«Մենք հանձնառու ենք հարցի խաղաղ կարգավորմանը և դատապարտում ենք ագրեսիայի ցանկացած դրսևորում։ Կասկած չկա, որ կառավարությունը բոլոր ջանքերը կներդնի հակամարտության կարգավորման համար՝ ելնելով Արցախի ժողովրդի շահերից»,-շեշտել է Փաշինյանը։
Նա ընդգծել է Արցախի միջազգային ճանաչման հարցում Սփյուռքի ներգրավման անհրաժեշտությունը։
Նշենք, որ Փաշինյանն Արցախ է մեկնել այսօր` մայիսի 9-ին։