Փոխզիջման մասին կարելի է խոսել, եթե Բաքուն ճանաչի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը

Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է` Արցախի և Հայաստանի անվտանգության ապահովումը լինելու է ՀՀ նոր կառավարության ուշադրության կենտրոնում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 մայիսի — Sputnik. Ես կարծում եմ, որ և Ադրբեջանի և միջազգային հանրությունը պետք է շատ հստակ արձանագրեն, որ ՀՀ և ԱՀ Ադրբեջանի ռազմաշունչ հռետորիկայի առաջ չեն ընկրկի, առավել ևս հիմա, երբ մեր ժողովուրդ ու ազգը միասնական են` առավել քան երբևէ։ Այսօր Արցախում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նիկոլ Փաշինյանը կկարողանա փակել պետական ապարատի կոռուպցիոն ախորժակը

Արցախյան հակամարտության խնդրի խաղաղ կարգավորման միակ տարբերակը, նրա խոսքով, Արցախը բանակցային սեղանի շուրջ վերադարձնելն է։

«Եթե միջազգային հանրությունը, այդ թվում` Ադրբեջանը ուզում են լուծել ԼՂ խնդիրը, անտրամաբանական է, որ այդ հարցը քննարկվում է մի ֆորմատով, որով այն լուծվել չի կարող։ Սա էմոցիաների խնդիր չէ, սա պրագմատիկ խնդիր է,- ասաց Փաշինյանը,- Արցախի անունից կարող է խոսել միայն Արցախի հանրապետությունը։ ՀՀ-ն ևս բանակցային կողմ է և ներկայացնում է Հայաստանի դիրքորոշումը»։

Փաշինյանի համոզմամբ` քանի դեռ Ադրբեջանն օգտագործում է ռազմատենչ հռետորաբանություն և բարձրաձայնում է, թե Երևանը, Զանգեզուրը, Սևանը պետք է գրավել, փոխզիջումների մասին խոսելն անիմաստ է։

«Փոխզիջումների մասին կարելի է խոսել միայն այն պարագայում, երբ մենք Ադրբեջանից ստանանք շատ հստակ ուղերձ, որ Բաքուն պատրաստ է ճանաչել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը»,- ասաց Փաշինյանը։

ՀՀ վարչապետը համոզմունք հայտնեց, որ ստեղծված նոր քաղաքական իրավիճակում նոր թափ կտրվի նաև Արցախի անկախության միջազգային ճանաչմանը։ Իսկ Արցախի և Հայաստանի անվտանգության ապահովումը լինելու է ՀՀ նոր կառավարության ուշադրության կենտրոնում։