Ժամանակն է կառուցել կամուրջներ. ԱՄՆ–ն պատրաստ է աշխատել ՀՀ նոր կառավարության հետ

ԱՄՆ դեսպանը շնորհավորել է հայ ժողովրդին ու պատրաստակամություն հայտնել աջակցել Հայաստանին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 մայիսի — Sputnik. ԱՄՆ–ը պատրաստ է աշխատել Նիկոլ Փաշինյանի ղեկավարած կառավարության հետ և աջակցել Հայաստանին` կոռուպցիայի դեմ պայքարի, ժողովրդավարական արժեքների ամրապնդման և ազատ տնտեսության ձևավորման գործում։ Այսօր, Երևանի «Հաղթանակի» զբոսայգում լրագրողներին ասել է ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը։

ԱՄՆ պետդեպարտամենտը Հայաստանի նոր վարչապետի հետ սերտ համագործակցության հույս ունի

«Կարծում եմ, հիմա բոլորը համաձայն են, որ ժամանակն է կառուցել կամուրջներ և թուլացնել լարվածությունը, կառուցել այն նոր Հայաստանը, որի համար փողոց էին դուրս եկել այդքան մարդիկ: Առաջիկա օրերի ու ամիսների ընթացքում մենք կաշխատենք նոր կառավարության հետ՝ տեսնելու, թե ինչով կարող է ամերիկյան կառավարությունն օժանդակել Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարին, ժողովրդավարական արժեքների ամրապնդմանը և ազատ տնտեսության ձևավորմանը,- ասել է Միլսը։

Նա նաև շնորհավորել է հայ ազգին` հաղթանակի օրվա առթիվ: «Սա այն օրն է, երբ մենք տոնում ենք աշխարհի միավորումը ֆաշիզմի դեմ պայքարում: Ամերիկյան ժողովուրդը երբեք չի մոռանա խորհրդային միության տարբեր ազգերի, նրանց թվում՝ նաև հայ ազգի հերոս զավակների պայքարը համաշխարհային պատերազմում»,– ասել է ԱՄՆ դեսպանը։