ԵՐԵՎԱՆ, 9 մայիսի — Sputnik, Արմենուհի Մխոյան. Գյումրու «Մայր Հայաստան» հուշահամալիրի տարածքն այսօր բազմամարդ էր: Մարզային և քաղաքային իշխանությունների ներկայացուցիչները եկել էին հարգանքի տուրք մատուցելու Հայրենական մեծ պատերազմում զոհված հերոսների հիշատակին. նրանք ծաղկեպսակ դրեցին Անմար կրակի մոտ:
Ինչպես միշտ, միջոցառմանը ներկա էին նաև պատերազմի վետերանները, չնայած նրանց շարքերը տարեցտարի նոսրանում է: Տոնի առթիվ ներկաներին շնորհավորեցին Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, ՀՀ և ՌԴ միացյալ զորախմբավորումների և ուժերի շտաբի պետի գեներալ-մայոր Տիգրան Փարվանյանը:
«Արդեն 73 տարի է անցել այն օրից, ինչ ավարտվեց ամենաարյունահեղ պատերազմը: Որքան ժամանակը բաժանում է մեզ այդ իրադարձությունից, այնքան խորն ենք գիտակցում, թե ինչ անդունդի եզրին ենք կանգնած եղել և ինչ հաղթանակ ենք արձանագրել: Ֆաշիստական Գերմանիայի դեմ հաղթել կարող էինք միայն միացյալ ուժերով: Երկարատև պատերազմը 27 միլիոն կյանք խլեց, բայց ավարտվեց մեր փայլուն հաղթանակով: Պատերազմի յուրաքանչյուր օրն էր հաղթական: Փառք ու պատիվ բոլորին»,-իր խոսքում նշեց Տիգրան Փարվանյանը՝ ընդգծելով նաև Շուշիի ազատագրման կարևորությունը:
Պատերազմի վետերան Եպրաքսյա Ոսկովսկայանն էլ շնորհավորեց հավաքվածներն: «Այս օրը շնորհավորում եմ ինչպես Մեծ Հայրենականի, այնպես էլ Արցախյան հերոսամարտի բոլոր վետերաններին: Մաղթում եմ, որ այլևս պատերազմ չլինի ու մայրերը երբեք չարտասվեն»,-նշեց Եպրաքսյա Ոսկովսկայան:
Շնորհավորանքներից հետո ՀՀ և ՌԴ միացյալ զորախմբավորումների և ուժերի շտաբի պետի` Տիգրան Փարվանյան հրամանատարությամբ տեղի ունեցավ ՀՀ և ՌԴ զինված ուժերի՝ ՀՀ ՊՆ Շիրակի կայազորի և Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմակայանի և սահմանապահ ջոկատի զինվորների համատեղ շքերթը: Տարածքում նաև ցուցադրված էր զինտեխնիկա: