ԵՐԵՎԱՆ, 9 մայիսի — Sputnik. Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մայիսի 9-ին շնորհավորական ուղերձ է հղել Հաղթանակի տոնի, Պաշտպանության բանակի և Շուշիի ազատագրման 26-րդ տարեդարձի կապակցությամբ: Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության նախագահի մամուլի ծառայությունից։
Ուղերձում մասնավորապես ասված է.
«Մայիսի 9-ը վաղուց արդեն դարձել է մեր հերոս ժողովրդի հաղթանակների խորհրդանիշը։ Պատմությունը մեկ անգամ չէ ապացուցել, որ տարբեր ժամանակահատվածներում հայրենիքի համար վճռորոշ պահերին մենք կարողացել ենք համախմբվել և պաշտպանել համազգային շահը, մեր հողն ու օջախը, ընտանիքն ու երեխաներին։ Մեր ժողովրդին դա հաջողվել է իր խիզախության ու արիության, հայրենիքի հանդեպ անսահման սիրո եւ նվիրվածության, իր միասնականության ու անսասան կամքի շնորհիվ»,–ասել է Բակո Սահակյանը:
Նա նշել է, որ մենք դաստիարակվել ենք Մեծ Հայրենականում մեր պապերի սխրագործությունների օրինակով ու նաև այդ օրինակով էլ ոգեշնչված ազատագրել ենք Շուշին, հայկական հինավուրց բնակավայրերը և կերտել ազատ ու անկախ պետականություն:
«Մեր ժողովրդի հերոսական ավանդույթներն այսօր շարունակում է անկախության սերունդը, շարունակում է պատվով ու վստահորեն՝ հարստացնելով մեր տարեգրության հաղթական էջերը։
Այս տոնական օրը ես շնորհավորում եմ մեր բոլոր քույրերին ու եղբայրներին Արցախում, Մայր Հայաստանում և Սփյուռքում: Թող մայիսյան նվիրական հաղթանակները միշտ ուղենիշ լինեն մեր ժողովրդի համար եւ տանեն դեպի նոր նվաճումներ ու ձեռքբերումներ։ Բոլորիս մաղթում եմ խաղաղություն, բարօրություն ու ամենայն բարիք»,–ասված է շնորհավորական ուղերձում: