Մեզ մոտ ամեն ինչ լավ է, բարևներս պարոն Լուկաշենկոյին. ՀՀ նախագահ

Հայաստանի նախագահը խոսել է Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունների մասին և բարև հղել Բելառուսի նախագահին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 մայիսի — Sputnik. Հայաստանն աշխարհին ցույց տվեց, թե ինչպես կարելի է ներքին հարցերը կարգավորել օրենքի և սահմանադրության շրջանակում։ Այս մասին լրագրողներին ասաց Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը Երևանում Հաղթանակի օրվան նվիրված տոնական միջոցառումների ժամանակ։

Հայաստանի նախագահը միացել է «Անմահ գունդ» ակցիային

Նրա խոսքով` գլխավորը, որ Հայաստանում փոփոխությունները տեղի ունեցան օրինականության և սահմանադրության շրջանակում։

«Մենք աշխարհին ցույց տվեցինք, որ եթե նույնիսկ հեղափոխություն, ապա Հայաստանում այն բոլորովին այլ է, քաղաքակիրթ։ Ես ուրախ և գոհ եմ դրանից», — ասաց Արմեն Սարգսյանը Հաղթանակի օրվան նվիրված միջոցառման ժամանակ։

Նախագահը պատրաստ է համագործակցել նոր կառավարության հետ։

«Ես պարոն Փաշինյանի հետ խոսել եմ երեկ և ոչ միայն երեկ։ Նախագահի դերն է սատարել կառավարության բոլոր բարի և լավ նախաձեռնությունները», — ասաց նա։

«Բարևներս պարոն Լուկաշենկոյին», — հավելեց նա` դիմելով Բելառուսի հեռուստատեսության լրագրողներին։

Նշենք, որ ապրիլի 24-ին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ժողովրդին և խորհրդարանին ուղղված ամենամյա ուղերձում անդրադարձել էր Հայաստանի իրադարձություններին։

Լուկաշենկոն ասել էր, որ «խորհրդարանական հանրապետությունը պետք չէր նախագահական դարձնել և նախագահականը` խորհրդարանական, իսկ այնուհետև չգիտես ինչ։ «Սա դրա հետևանքն էր», — ասել էր Բելառուսի նախագահը։ Նա նաև նշել էր, որ Բելառուսը պատրաստ է օգնել Հայաստանին։