Մեծ Հայրենականի հերոսների ժառանգներն ազատագրեցին Շուշին ու պահում են Արցախը. ՀՀ նախագահ

Արմեն Սարգսյանը շնորհավորել է մայիսյան տոներն ու ողջունել հայրենիքի վերակառուցմանը լծված նոր սերնդին:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 մայիսի — Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հաղթանակի և խաղաղության տոնի ու Շուշիի ազատագրման օրվա կապակցությամբ:

«Այս պահին ես հատկապես մտածում եմ Երկրորդ աշխարհամարտի փառապանծ վետերանների մասին, նրանց, որոնք, հուրախություն բոլորիս, այսօր մեր շարքերում են, և որոնց ես մաղթում եմ քաջ առողջություն և երկար տարիների կյանք»,- նշված է ուղերձում:

Մեզ մոտ ամեն ինչ լավ է, բարևներս պարոն Լուկաշենկոյին. ՀՀ նախագահ

Արմեն Սարգսյանն առանձնահատուկ ընդգծել է Մեծ Հայրենականի վետերանների ավանդը, ովքեր իրենց ուսերի վրա կրեցին պատերազմի դաժանություններն ու ծանրությունները. բլոկադա, սով, գերություն, համակենտրոնացման ճամբարներ ու գուլագ, որբություն ու անապաստանություն և հաջորդ սերունդներին փոխանցեցին ոչ միայն պայքարի ոգին ու հաղթանակի բերկրանքը, այլև սովորեցրին տոկալ, հուսալ ու վերապրել:

«Հենց այդ հերոսների ժառանգներն էին, որոնք տասնամյակներ անց հանուն ազատության մարտի ելան և ազատագրեցին Շուշին՝ կերտելով մեր նորօրյա հաղթանակները,- նշում է նախագահը,- քաջության, հերոսության և հանուն Հայրենիքի ինքնազոհության այդ ոգին այսօր ամուր նստած է Հայրենիքի պաշտպանի՝ հայ զինվորի մեջ: Այդ նա էր՝ հաղթական զինվորը, որ 2016-ի ապրիլին անօրինակ սխրանքով պաշտպանեց հող հայրենին»,- նշել է ՀՀ նախագահը։

Սարգսյանի խոսքով` այսօր մեր պայծառ պատանիներն ու երիտասարդներն են կանգնել հերթափոխի, ստեղծարար եռանդով, նպատակասլացությամբ և հայրենասիրությամբ լծվել Հայրենիքի վերաշինման գործին: