Հայաստանում ավարտվել են կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի մասին ֆիլմի նկարահանումները

Ռեժիսոր Յուսուպ Ռազիկովը Հայաստանում ավարտել է «Սուսերով պար» ֆիլմի նկարահանումները, որում գլխավոր հերոսի` կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի կերպարը մարմնավորել է «Պյոտր Ֆոմենկոյի արվեստանոցի» դերասան Համբարձում Քաբանյանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 մայիսի — Sputnik. Ռեժիսոր Յուսուպ Ռազիկովն ավարտել է մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի մասին ֆիլմի նկարահանումները։ Այս մասին նշված է «Մարս Մեդիա» կինոընկերության մամուլի հաղորդագրությունում։

Արամ Խաչատրյան. ստալինյան չորս մրցանակ ստացած բեռնակիրը

«Ես մանկուց հետաքրքրվել եմ Արամ Խաչատրյանի ստեղծագործությամբ, ուստի ինձ գրավեց մեծանուն կոմպոզիտորի մասին ֆիլմ նկարելու հնարավորությունը, որի ստեղծագործություններում հզորություն, ուժ, մեծություն է զգացվում։ Դա անհավանական զգացողություն էր` այդ աշխատանքի շնորհիվ ընկղմվել բալետի և երաժշտության աշխարհ։ Մեր ֆիլմը պատմում է, թե ինչպիսի պայմաններում է ստեղծվել «Սուսերով պարը» «Գայանե» բալետի համար։ Իրադարձությունները զարգանում են 1942թ-ին Մոլոտով քաղաքում, ուր Արամ Խաչատրյանին ուղարկում են Լենինգրադի օպերայի և բալետի ակադեմիական թատրոնի հետ», — իր նոր աշխատանքի մասին պատմել է ռեժիսորը։

Ֆիլմի նկարահանումներն իրականացվել են երկու մասով. առաջինը` Ռուսաստանում` Յարոսլավում և Յարոսլավի շրջանում, երկրորդը` Հայաստանում, այդ թվում` Երևանի Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում և Խոր վիրապ եկեղեցում։

Կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի կերպարը մարմնավորել է «Պյոտր Ֆոմենկոյի արվեստանոցի» դերասան Համբարձում Քաբանյանը։ Ֆիլմի պրոդյուսերը Ռուբեն Դիշդիշյանի «Մարս Մեդիա» կինոընկերությունն է` Ռուսաստանի մշակույթի նախարարության աջակցությամբ։