Ո՞վ կարող է կրկնել Վիկ Դարչինյանի ու Արթուր Աբրահամի արդյունքները պրոֆեսիոնալ ռինգում

Վիկ Դարչինյանի ու Արթուր Աբրահամի հաղթանակներից ու նվաճած տիտղոսներից հետո պրոֆեսիոնալ ռինգում հայ բռնցքամարտիկների նվաճումները կրճատվեցին: Ո՞վ կարող է մոտ ապագայում նորից տիտղոսներ նվաճել հայ բռնցքամարտիկներից:
Sputnik

Թեև պրոֆեսիոնալ բռնցքամարտը շատ ընդհանրություններ ունի սիրողական բռնցքամարտի հետ, միևնույնն է, նաև էականորեն տարբերվում է սիրողական մրցումներից: Փոխվում է հոգեբանությունը, ռաունդների քանակը, ձեռնոցների չափը, նախապատրաստական փուլը և էլի շատ ու շատ բաներ: Սակայն սիրողական բռնցքամարտը հանդիսանում է այն կարևորագույն հիմքը բռնցքամարտիկների համար, որը ունենալով անհամեմատ ավելի հեշտ է հասնել հաջողության պրոֆեսիոնալների մենամարտերում:

Վախթանգ (Վիկ) Դարչինյանը և Արթուր Աբրահամը սիրողական բռնցքամարտում մեծ հաջողությունների չեն հասել միջազգային մրցաշարերում: Բայց ունենալով տեխնիկա, մարտը վարելու տակտիկա և հարվածների տիրապետելու ունակություն` այս երկու բռնցքամարտիկներն էլ 2000-ականների սկզբից սկսեցին հաջողության հասնել պրոֆեսիոնալ ռինգում և աշխարհի չեմպիոնի կոչում նվաճել տարբեր վարկածներով:

Դարչինյանը գերթեթև քաշային կարգում մեկը մյուսի հետևից տապալում էր իր մրցակիցներին: Մարտական կեցվածքով ու ձախ ձեռքի հարվածներով Վիկն իր քաշային կարգում բազմաթիվ հզոր մրցակիցների հաղթեց ու առաջինն էր հայ բռնցքամարտիկներից, որ աշխարհի չեմպիոնի կոչումը նվաճեց մի քանի քաշային կարգերում և դարձավ նաև բացարձակ չեմպիոն:

Бывший боксер Вик Дарчинян

Արթուր Աբրահամն էլ յուրահատուկ մարտավարություն ուներ, որի հիմքում դրված էր պաշտպանությունն ու կամային որակները: Կոլումբիացի Էդիսոն Միրանդայի հետ մենամարտում Արթուրը կոտրված ծնոտով, գերկամային որակների շնորհիվ դարձավ աշխարհի չեմպիոն ու անմիջապես իր վրա բևեռեց մասնագետների ուշադրությունը:

Կատաղի Ցուլ և Քինգ (Թագավոր) Արթուր, ահա այն մականունները, որոնք ստացան մեր երկու բռնցքամարտիկներն իրենց հաղթանակների շնորհիվ: Իմաստ չունի թվարկել, թե քանի անգամ են նրանք տիրել չեմպիոնական տարբեր գոտիների ու հաղթանակի հասել: Հիմա այլ հարց է ավելի հետաքրքիր: Դարչինյանն արդեն 41 տարեկան է, իսկ Աբրահամը` 38, հետևաբար նրանց կարիերան մայրամուտում է: Ո՞վ կարող է մոտ ապագայում պրոֆեսիոնալ ռինգում հասնել նման հաջողությունների:

Артур Абраам

Պրոֆեսիոնալ բռնցքամարտիկների մեջ կան շատ հայազգի բռնցքամարտիկներ, որոնք որոշակի արդյունքներ ունեն, սակայն դրանք չես համեմատի Դարչինյանի ու Աբրահամի տիտղոսների հետ: Ներկայումս կան երկու բռնցքամարտիկ, որոնք շատ լավ են մեկնարկել պրոֆեսիոնալ ռինգում ու կարող են հասնել մեծ հաջողությունների:

Նարեկ Աբգարյանն ու Արամ Ավագյանը Ռիոյի օլիմպիական խաղերին մասնակցելուց հետո որոշեցին իրենց ունակությունները դրսևորել պրոֆեսիոնալ ռինգում: Այս երկու բռնցքամարտիկներն էլ երկար տարիներ մարզվել են իրար հետ մեր երկրի տարբեր տարիքային հավաքականներում: Նարեկն իր առաջին մենամարտն անցկացրեց 2016 թվականի հոկտեմբերի 8-ին ու հաղթական մեկնարկ դրեց և՛ իր, և՛ իր ընկերոջ համար: Հաջորդ անգամ երկու բռնցքամարտիկներն էլ ռինգ դուրս եկան նույն օրը՝ 2016-ի դեկտեմբերի 12-ին ու հաղթեցին իրենց մենամարտերում:

Սկանդալ հայկական ֆուտբոլում. Արարատ Հարությունյանը ցմահ որակազրկվեց

Այս պահի դրությամբ Նարեկ Աբգարյանը պրոֆեսիոնալ ռինգում իր անվան դիմաց ունի ութ հաղթանակ ութ մենամարտերում, որոնցից 5-ում` տեխնիկական նոկաուտով, իսկ Արամ Ավագյանն անցկացրել է յոթ մենամարտ ու տոնել նույնքան հաղթանակ, որոնցից չորսը` տեխնիկական նոկաուտով: Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Դավիթ Թորոսյանի հետ աշխատանքը տալիս է իր պտուղները: Թորոսյանը շատ լավ ծանոթ է պրոֆեսիոնալ ռինգի գաղտնիքներին ու կարողանում է տղաների հետ աշխատանքն ամրապնդել արդյունքով:

Մեր այս երկու բռնցքամարտիկներն էլ իրենց հաջորդ մենամարտը անցկացնելու են մայիսի 19-ին: Շատ կարևոր է այս պահին հաղթել բոլոր մենամարտերում, որովհետև պրոֆեսիոնալների ուղին ընտրած Նարեկ Աբգարյանի ու Արամ Ավագյանի համար տիտղոսային մենամարտերին հասնելու գործում այդ հաղթանակները հեղինակություն կբերեն, իսկ հետո արդեն պրոմոութերներն էլ կցանկանան նրանց տեսնել անհամեմատ բարձր կարգի մրցակիցների հետ գոտեմարտերում: