Ռուսաստանի Պետդումայում հաստատել են նոր վարչապետին

Պետդուման հաստատել է Դմիտրի Մեդվեդևին ՌԴ վարչապետի պաշտոնում։ Կառավարության ղեկավարի պաշտոնում նրա թեկնածության օգտին քվեարկել են 374 պատգամավոր, ինչը 75 ձայնով ավելի է, քան 2012թ-ին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի — Sputnik. Պետական դուման երեքշաբթի լիագումար նիստում քվեարկել է Ռուսաստանի վարչապետի պաշտոնում Դմիտրի Մեդվեդևի թեկնածության օգտին։ Արդյունքների համաձայն` Մեդվեդևին կողմ են քվեարկել 374 պատգամավոր (83,1 տոկոս) անհրաժեշտ 226 ձայնի փոխարեն, դեմ է եղել 56 պատգամավոր, ձեռնպահ չի եղել։ Քվեարկել է 430 պատգամավոր։

Քվեարկությունը բաց է եղել՝ էլեկտրոնային համակարգի կիրառմամբ։ ՌԴ նախագահը խորհրդարանի ստորին պալատում Մեդվեդևի թեկնածությունն առաջադրել է երկուշաբթի՝ իր երդմնակալության արարողությունից անմիջապես հետո։ Վարչապետի պաշտոնում Մեդվեդևին նշանակելու ընթացակարգը կավարտվի, երբ Պուտինը ստորագրի համապատասխան հրամանագիրը։