Օրբելյանը հերքում է. «Ես հրաժարական չեմ տվել»

Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն, գեղարվեստական ղեկավար, դիրիժոր Կոնստանտին Օրբելյանը հերքում է ԶԼՄ–ներում տարածված տեղեկությունը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի — Sputnik. Կոնստանտին Օրբելյանը Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի և գեղարվեստական ղեկավարի պաշտոնից հրաժարվելու մտադրություն չունի։ Sputnik Արմենիային հետ զրույցում այս մասին ասաց Օրբելյանը։

«Ես հրաժարական չեմ տվել Ա․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի և գեղարվեստական ղեկավարի պաշտոնից, դեռ ավելին մենք նոր թափով ենք շարունակում մեր աշխատանքները, ծրագրերը շատ են, նոր ու հետաքրքրիր բազմաթիվ գաղափարներ ունենք, որոնք անպայման պետք է կյանքի կոչենք»,- նշեց նա։

Թատրոնի տնօրենը վստահեցրեց` իրենք շարունակում են աշխատանքային գործունեությունը և այս տարի ունենալու են 5 պրեմիերա։

Ո՞ւմ հետ է խորհրդակցել Արմեն Ամիրյանը հրաժարականից առաջ. մանրամասները` Հրանտ Թոխատյանից

«Այս պահին պատրաստվում ենք մայիսի 12-ին ներկայացնել Տիգրան Չուխաջյանի «Կարինե» օպերետի պրեմիերան, իսկ մայիսի 17-ին «Արշակ Բ» օպերան կցուցադրվի, որը նվիրված է լինելու ներկայացման 150-ամյակին։ Այս օրը հանդես կգան նշանավոր օպերային երգիչներ Բարսեղ Թումանյանն ու Անահիտ Մխիթարյանը։ Սիրով հրավիրում եմ բոլորիդ այդ և մեր բոլոր ներկայացումներին։Մշակույթը հավերժական արժեք է, մշակույթը վեր է ամեն ինչից և մեզ համար գերագույն սկզբունք է հավատարիմ մնալ բարձր արվեստին՝ հենց այդ տարբերակով ծառայելով ժողովրդին։ Սա է մեր առաքելությունը, մեր թատրոնի յուրաքանչյուր արտիստի առաքելությունը, ինչը մենք սիրով ու պատասխանատվությամբ ենք անում»,- ասաց Օրբելյանը։

Նշենք` ԶԼՄ-ներում տեղեկություն էր տարածվել, որ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն, գեղարվեստական ղեկավար, դիրիժոր Կոնստանտին Օրբելյանը հրաժարական է տվել վարչապետ Սերժ Սարգսյանի, այնուհետև Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի հրաժարականների ֆոնին: