Կարեն Կարապետյանը շնորհավորեց Նիկոլ Փաշինյանին. շնորհակալություն և լավ տրամադրություն

Կարեն Կարապետյանը Instagarm–ի իր էջում շնորհակալություն է հայտնել թիմակիցներին և շնորհավորել նոր վարչապետին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի – Sputnik. Կարեն Կարապետյանը հայտարարել է, որ դադարեցնում է վարչապետի պաշտոնակատարի լիազորությունները։ Instagram սոցիալական ցանցում գրած նրա ուղերձը հրապարակում ենք ամբողջությամբ։

«Այսօրվանից ես դադարեցնում եմ Վարչապետի պաշտոնակատարի լիազորությունների կատարումը։

Նիկոլ Փաշինյանի կենսագրությունը. ինֆոգրաֆիկա

Ուզում եմ բոլորին շնորհակալություն հայտնել քննադատության, ոգևորիչ խոսքերի և աջակցության համար։

Շատ հետաքրքիր և պատասխանատու ժամանակաշրջան էր։ Ես իմ կարողությունները մաքսիմալ ներդրել եմ աշխատանքի մեջ։

Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Կառավարության մեր թիմին։ Չափազանց պարկեշտ և հայրենասեր մարդկանց թիմ էր։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել այս ժամանակահատվածում պետական համակարգ մուտք գործած պրոֆեսիոնալ, անկաշկանդ, համարձակ և էֆեկտիվ երիտասարդներին։
Շնորհավորում եմ նոր Վարչապետին։ Վարչապետին և հաջորդող բոլոր վարչապետներին անկեղծ մաղթում եմ բազմաթիվ հաջողություններ, լավ արդյունքներ, անճգնաժամ աշխատանքային ժամանակահատված և միշտ հասկացված լինել ժողովրդի կողմից։

Պատկերացնելով վարչապետի ծանր և պատասխանատու աշխատանքը, որը պահանջում է անհոգ օրերի ու գիշերների բացակայություն, առաջարկում եմ մեր համաքաղաքացիներին, լրագրողներին, սոցիալական ցանցերից օգտվողներին և քաղաքական ուժերին՝ վարչապետին քննադատելիս անել այն առարկայական, անձնականը և ընտանիքը չխառնելով, հակառակը՝ խորհուրդ տալով և ոգևորելով։

Բոլորիդ ԼԱ՛Վ տրամադրություն, ԼԱՎ ԵՂԵ՛Ք:
Շնորհակալություն»: