Սահմանադրական բարեփոխումները Հայաստանում պետք է շարունակվեն. Յագլանդ

Եվրոպայի խորհուրդը պատրաստ է հետագայում ևս աջակցել Հայաստանի նոր իշխանություններին` մարդու իրավունքների, ժողովրդավարության ու օրենքի գերակայության վրա հիմնված գործընթացում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի — Sputnik. Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թյորբյորն Յագլանդը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Այս մասին տեղեկացնում է ԵԽ գրասենյակը:

Նիկոլ Փաշինյանը պաշտոնապես նշանակվեց ՀՀ վարչապետ

«Հայաստանի խորհրդարանի կողմից այսօր կայացված որոշումը ցույց է տալիս, որ սահմանադրական բարեփոխումը, որն իրականացվում է մեր կազմակերպության օգնությամբ, սկսում է կյանքի կոչվել: Այս գործընթացը պետք է շարունակվի՝ համաձայն հայ ժողովրդի ցանկությունների»,- ասված է շնորհավորական ուղերձում:

Յագլանդը նաև հայտնել է, որ Եվրոպայի խորհուրդը պատրաստ է հետագա աջակցություն ցուցաբերել Հայաստանի իշխանություններին՝ մարդու իրավունքների, ժողովրդավարության ու օրենքի գերակայության վրա հիմնված գործընթացում։

Ազգային ժողովն այսօր` մայիսի 8-ին, 59 կողմ, 42 դեմ ձայներով ՀՀ վարչապետ ընտրեց «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանին։