Սերժ Թանկյանը խոստանում է ամեն տարի Հայաստան գալ ու երկար մնալ

Աշխարհահռչակ երգիչ Սերժ Թանկյանը ներգաղթ է կանխատեսում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի — Sputnik. System of a Down ռոք խմբի մեներգիչ Սերժ Թանկյանը վստահ է`«սա միայն սկիզբն է, ամեն ինչ հրաշալի է լինելու»։ Այսօր նա նման վստահություն հայտեց ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում։

Սերժ Թանկյանը չդիմացավ Երևանում երգելու գայթակղությանը և երգեց «Բարի արագիլը»

Թանկյանը համոզված է, որ փոփոխությունները Հայաստան են վերադարձնելու բազմաթիվ արտագաղթած քաղաքացիներին։

Նրա կարծիքով`ներգաղթ կլինի, երբ մարդիկ կտեսնեն փոփոխությունների արդյունքը` սոցիալական արդարությունը,տնտեսության զարգացումը, կոռուպցիայի հաղթահարումը, ներդրումների ներհոսքը Հայաստան։

Իսկ ինքը Հայաստան տեղափոխվելու մասին դեռ չի մտածում, բայց այսուհետ խոստանում է ավելի հաճախ ու ավելի երկար ժամանակով գալ հայրենիք։

«Ես թափառական անձ եմ, և ամբողջ տարին շրջում եմ աշխարհով։ Բայց տարվա մեջ 1-2 ամիս ուզում եմ անպայման Հայաստանում անցկացնել»,- ասաց նա։

Իսկ այս անգամ Թանկյանը Հայաստանում կանցկացնի շուրջ 1 շաբաթ, համերգ չի տա, խոստանում է` հաջորդ անգամ։ Այս անգամ եկել է իր աջակցությունը հայտնելու հայ ժողովրդին ու Նիկոլ Փաշինյանին։

«2015-ին մեր տեսած եռանդն ու ժպիտներն այս ամիս տեսանք Երևանի բոլոր փողոցներում,- համեմատելով այս այցից ստացած տպավորությունները նախորդ այցի հետ` ասաց Թանկյանը, —այդ նույն եռանդն ու հուսալիությունն էր, որ այս հեղափոխության կարևոր մասը եղավ։ Ես գիտեի, որ այս ժպիտներն այս հանգուցալուծմանը պետք է հանգեցնեն, միայն չգիտեի, թե ինչքան ժամանակ դրա համար պետք կլինի»։

Սերժ Թանկյանն այսօր նաև ԱԺ էր եկել` անձամբ հետևելու ԱԺ նիստին ու իր ներկայությամբ աջակցելու Փաշինյանին։

Նիստի ընթացքին նա հետևում էր ԱԺ մամուլի սրահից։

Նշենք, որ Թանկյանը Երևան է ժամանել երեկ` մայիսի 8-ին։