Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Դմիտրի Մեդվեդևին

ՀՀ նոր կառավարությունը վճռական է բոլոր ոլորտներում հայ-ռուսական երկկողմ համագործակցության ամրապնդման, ինչպես նաև ԵԱՏՄ շրջանակներում փոխգործակցության խորացման հարցում:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Դմիտրի Մեդվեդևին՝ Ռուսաստանի Դաշնության վարչապետ նշանակվելու կապակցությամբ: Ուղերձում մասնավորապես ասված է.

«Ընդունե՛ք իմ անկեղծ շնորհավորանքները Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ նշանակվելու կապակցությամբ և լավագույն բարեմաղթանքները Ձեր հետագա պետական գործունեության մեջ:

Ռուսաստանի Պետդումայում հաստատել են նոր վարչապետին

Ձեր նշանակումը, անկասկած, վկայում է այն մասին, որ Ձեր կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների քաղաքականությունը պահանջված է:

Հայաստանի Հանրապետության նոր կառավարությունը վճռական է բոլոր ոլորտներում հայ-ռուսական երկկողմ համագործակցության ամրապնդմանը, ինչպես նաև ԵԱՏՄ շրջանակներում փոխգործակցության խորացմանը:

Վստահ եմ, որ համատեղ աշխատանքը երկկողմ համագործակցության բոլոր մակարդակներում իր նպաստը կբերի հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացման ու ընդլայնման գործին:

Օգտվելով առիթից՝ ուզում եմ շնորհակալություն հայտնել Ձեզ իմ ընտրվելու կապակցությամբ ջերմ բարեմաղթանքների համար:

Հարգելի՛ Դմիտրի Անատոլիի, մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և նորանոր հաջողություններ, իսկ Ռուսաստանի բարեկամ ժողովրդին՝ բարգավաճում և բարեկեցություն»: