Նիկոլ Փաշինյանը Բաղրամյան 26-ից ուղիղ կապ է հաստատել հանրության հետ. տեսանյութ

Վարչապետը ՊԵԿ նախագահին հստակ հանձնարարական է տվել` այս պահից սկսած որևէ ապրանքի մուտք Հայաստան, որն օրենքով նախատեսված կարգով է ներմուծվել, չսահմանափակել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի — Sputnik. ՀՀ նորանշանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ ֆեյսբուքյան իր էջում Բաղրամյան 26-ից ուղիղ եթերով կապ էր հաստատել բաժանորդների հետ` նրանց ցուցադրելով ՀՀ վարչապետի երկու նստավայրերից մեկի աշխատասենյակը, հանգստի սենյակը, սանհագույցը, միջանցքը, խոհանոցը։

«Այս վայրը ավելի շատ հայտնի է նախագահական անունով, հիմա էլ այն այդպես են կոչում, բայց այն ՀՀ վարչապետի նստավայրն է»,- ներկայացրեց նորանշանակ վարչապետը։

Ի դեպ, այդ պահին աշխատասենյակում Փաշինյանի թիմի մի շարք ներկայացուցիչներ տարբեր հարցեր էին քննարկում։

Վիգեն Սարգսյանը Նիկոլ Փաշինյանին զեկուցել է անվտանգության հետ կապված իրավիճակը

Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերով ներկայացրել է նաև իր այսօրվա աշխատանքային օրը` նշելով, որ հանդիպումներ է ունեցել ԱԱԾ ղեկավար կազմի հետ, լսել նրանց զեկույցը հանրապետության անվտանգության վիճակի վերաբերյալ, ընդունել է ֆինանսների նախարարի պաշտոնակատարին և փոխնախարարի պաշտոնակատարին, պետեկամուտների կոմիտեի նախագահին, լսել բյուջեի եկամուտների հավաքագրման կատարման ընթացքի վերաբերյալ նրանց հաշվետվությունը։

«Այսօր ընդունել եմ նաև պաշտպանության նախարարի պաշտոնակատարին, գլխավոր շտաբի պետի տեղակալին, և միասին քննարկել ենք շփման գծում տիրող իրավիճակն ու ընթացիկ այլ հարցեր»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Նա նաև տեղեկացրեց, որ ՊԵԿ նախագահին հստակ հանձնարարական է տվել` այս պահից սկսած որևէ ապրանքի մուտք Հայաստան, որն օրենքով նախատեսված կարգով է ներմուծվել, չսահմանափակել։

«Նաև ամեն ինչ կարվի, որպեսզի այսօրվանից մաքսազերծումներն իրականացվեն ռեկորդային կարճ ժամանակում, և քաղաքացիները վաղվանից տեսնեն, որ այդ գործընթացը զարմանալի արագությամբ է կատարվում»,- նշեց վարչապետը։

Նիկոլ Փաշինյանն առաջիկայում նախատեսում է հանդիպել փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանի հետ և քննարկել մայիսի 14-ին Սոչիում կայանալիք ԵԱՏՄ գագաթաժողովի հետ կապված հարցեր։

Նա խոստացել է, որ ուղիղ տեսաեթերով կապը հանրության հետ նա կպահպանի նաև հետագայում և պարբերաբար տեղեկություններ կտրամադրի տեղի ունեցող և նախատեսված իրադարձությունների մասին։

Премьер-министр Армении Никол Пашинян показал свой кабинет в прямом эфире