ԵՄ–ն ՀՀ նոր վարչապետի հետ համագործակցելու հույս ունի

ԵՄ–ն մտադիր է աշխատել ՀՀ նորընտիր վարչապետի հետ երկրում ժողովրդավարության հետագա ամրապնդման համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի — Sputnik. ԵՄ–ն Հայաստանի հետ համագործակցության շարունակություն է ակնկալում Նիկոլ Փաշինյանի վարչապետի պաշտոնում ընտրելուց հետո։ Այս մասին ասվում է ԵՄ-ի արտաքին գործերի 7 անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի և Հարևանության եվրոպական  քաղաքականության և ԵՄ-ի ընդլայնման հարցերի եվրակոմիսար Յոհաննես Հանի համատեղ հայտարարության մեջ։

Նիկոլ Փաշինյանը պաշտոնապես նշանակվեց ՀՀ վարչապետ

Հաղորդագրության մեջ նշվում է, որ ԵՄ–ն մտադիր է աշխատել Փաշինյանի և նրա կառավարության հետ Հայաստանի և ԵՄ–ի միջև անցյալ տարվա նոյեմբերին ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կատարման ուղղությամբ։

Աշխատանքներ տարվելու են Հայաստանում  ժողովրդավարության, օրենքի գերակայության, մարդկանց իրավունքների պաշտպանության հետագա զարգացման հարցում։

Այս խնդիրն ի կատար ածելու համար Հայաստանում քաղաքական գործընթացների բոլոր մասնակիցների, ինչպես նաև քաղաքացիական հանրության ներկայացուցիչների միջև երկխոսություն է անհրաժեշտ, նշված է ԵՄ արտաքին քաղաքական ծառայության կայքում հրապարակած հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ ԱԺ մայիսի 8–ի նիստում Փաշինյանն ընտրվեց վարչապետ` 59 կողմ և 42 դեմ ձայներով։ Նրան աջակցել են «Ելք» դաշինքը, ինչպես նաև «Ծառուկյան» դաշինքն ու ՀՅԴ–ն։ Խորհրդարանական մեծամասնություն կազմող ՀՀԿ–ն հայտարարեց, որ Փաշինյանին կտա անհրաժեշտ ձայները` ընտրվելու համար, սակայն միայն ֆորմալ է աջակցում նրան, հանուն երկրի կայունության։