ՀՀԿ–ն խիստ ընդդիմություն է լինելու. նոր կառավարությունում նրանք պորտֆելներ չեն ունենա

Ընդդիմություն դարձած ՀՀԿ-ում չեն պատրաստվում հանձնվել և արդեն հայտարարում են ակտիվ ընդդիմադիր գործունեություն ծավալելու մասին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի — Sputnik. Հայաստանի Ազգային ժողովի արտահերթ ընտրություններ անցկացնելու հեռանկարներն առայժմ աղոտ են, այսօր լրագրողներին ասաց Հանրապետական կուսակցության փոխնախագահ, պատգամավոր Արմեն Աշոտյանը։

«Արտահերթ ընտրությունների հարցն առայժմ կախված է օդում։ Այո, ակտիվ քննարկումներ, բանավեճեր են ընթանում, բայց առայժմ հայտնի չէ, թե դրանք երբ կկայանան», — ասաց Աշոտյանը։

Սարգսյանն ու Փաշինյանը հանդիպեցին նախագահի նստավայրում

Արտահերթ ընտրությունների մասին բազմիցս խոսել է մայիսի 8-ին վարչապետ ընտրված բողոքի շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանը։ Նրա կարծիքով՝ խորհրդարանում ուժերի ներկա դասավորությունը չի արտացոլում ստեղծված քաղաքական իրավիճակը։

ՀՀԿ-ում, որն այսօրվանից ընդդիմություն է դարձել, միաժամանակ չեն պատրաստվում հանձնվել և արդեն հայտարարում են ակտիվ ընդդիմադիր գործունեություն ծավալելու վճռականության մասին։

«Մենք կլինենք ինստիտուցիոնալ ընդդիմություն, ներկա քաղաքական բազմազանության յուրահատուկ խոսափողը, մենք համապատասխան փորձ ունենք, քանի որ անցած դարի 90-ականներին մենք եղել ենք գործող իշխանության ընդդիմախոսը», — ասաց Աշոտյանը։

Կարեն Կարապետյանը հրաժարվեց նաև փոխվարչապետի պաշտոնից

Նախկին իշխանական կուսակցությունն իր ազդեցիկ կադրային և ինտելեկտուալ պոտենցիալով  դեռ պետք կգա երկրին, կարծում է Աշոտյանը։ Բայց նոր կառավարության մեջ մասնակցության տարբերակը չի քննարկվում, ասաց նա։ Ավելին` նոր իշխանության կողմից ոչ մի համակարգային առաջարկ չի ստացվել։

Կոալիցիայի մեջ մտնելը քաղաքական երկերեսանիություն կլիներ հանրապետականների կողմից, համոզված է քաղաքական գործիչը։ Աշոտյանը նշեց նաև, որ կուսակցության առաջնորդին և խորհրդարանական խմբակցության նախագահին փոխելու հարցը չի քննարկվում։

Նա նաև համոզմունք հայտնեց, որ Հայաստանին սպասվում է քաղաքական զարգացման հետաքրքիր փուլ։ Աշոտյանը ներկա գործընթացները համարում է ժողովրդավարության քննության առաջին փուլը։

Հիշեցնենք, որ մայիսի 8-ին բողոքի շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանը 59 կողմ ձայնով ընտրվեց Հայաստանի վարչապետ։ Երկրի նախագահ Արմեն Սարգսյանն արդեն նշանակել է Փաշինյանին կառավարության ղեկավարի պաշտոնում։