ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի — Sputnik. Այսօր՝ մայիսի 8-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 10։40-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի 22-րդ կմ հատվածում բախվել են ВАЗ 2107 և Mercedes մակնիշների ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի, որոնցից մեկը՝ երեխա, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վաղարշապատի բժշկական կենտրոն։
Վիրավորներին առաջինը օգնության են հասել վթարի հարևանությամբ գտնվող անվադողերի արհեստանոցի աշխատակիցները։
Բախման հետևանքով «07»-ի գազաբալոնը ավտոմեքենայից պոկվել և մոտ 60 մետր շպրտվել է։
Վիրավորներից երեխան նույնպես հարվածի հետևանքով ավտոմեքենայից դուրս է շպրտվել, և նրան առաջինը օգնություն է ցուցաբերել անվադողերի արհեստանոցի աշխատակիցը։
Ոստիկանությունը պարզում է վարորդների, վիրավորների ինքնությունը։