Մենք պատրաստ ենք աջակցել Հայաստանում ժողովրդավարության ամրապնդմանը. Ալան Դանքն

ՈՒղերձում նշված է, որ շնորհիվ բոլոր ներգրավված կողմերի՝ վերջին երեք շաբաթների ընթացքում տեղի ունեցած իրադարձությունները ծավալվեցին խաղաղ ճանապարհով և հիմնականում առանց միջադեպերի:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի — Sputnik. Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով նախարար Ալան Դանքնը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ և գոհունակություն հայտնել, որ Հայաստանում քաղաքական իրավիճակը հանգուցալուծվել է բանակցությունների միջոցով:

«Ուրախ եմ, որ Հայաստանում քաղաքական իրավիճակը հանգուցալուծվել է բանակցությունների և խորհրդարանական գործընթացի միջոցով և շնորհավորում եմ Նիկոլ Փաշինյանին Հայաստանի նոր վարչապետ ընտրվելու կապակցությամբ»,- նշված է շնորհավորական ուղերձում։

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Դմիտրի Մեդվեդևին

ՈՒղերձում նշված է, որ շնորհիվ բոլոր ներգրավված կողմերի՝ վերջին երեք շաբաթների ընթացքում տեղի ունեցած իրադարձությունները ծավալվեցին խաղաղ ճանապարհով և հիմնականում առանց միջադեպերի:

Նա կարևորել է բոլոր կողմերի ցուցաբերած զսպվածությունը և հմուտ կառավարման շարունակականությունը, ինչպես նաև քաղաքական գործընթացների սահմանադրականությունը:

«Վերջին 12 ամիսների ընթացքում Հայաստան կատարած իմ երկու այցելությունների ընթացքում ես անձամբ եմ ծանոթացել երկրի հարուստ պատմությանը և մեծ ներուժին: Իմ հանդիպումների ընթացքում ես հատկապես տպավորվել եմ այն երիտասարդներով, որոնք վճռական են կերտելու Հայաստանի պայծառ ապագան»,- նշել է Դանքնը:

Ըստ նրա` Միացյալ Թագավորությունը, որպես Հայաստանի վաղեմի բարեկամ, պատրաստ է աջակցել ժողովրդավարության ամրապնդման, լավ կառավարման և հավասար տնտեսական հնարավորությունների բարելավման իր ջանքերին: