Փաշինյանը կդառնա Հայաստանի վարչապետ, իսկ խաղը հետո կսկսվի. քաղտեխնոլոգ

Վարչապետի պաշտոնում բողոքի շարժման առաջնորդին ընտրելուց և արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո պետք է հաշվի առնել մի քանի նրբություն, կարծում է քաղտեխնոլոգը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի — Sputnik. Վարչապետի պաշտոնում ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանի ընտրվելուց հետո քաղաքական գործընթացները կսկսվեն նոր թափով, երկուշաբթի լրագրողներին ասաց քաղաքական տեխնոլոգ Կարեն Քոչարյանը։

Փաշինյանը հնարավորինս արագ պետք է հրաժարվի «սուպերվարչապետական» համակարգից. Սարգսյան

Նրա խոսքով` ակնհայտ է, որ մայիսի 8-ին Նիկոլ Փաշինյանը կընտրվի վարչապետի պաշտոնում։ Մայիսի 2-ից հետո հասկանալի է դարձել, որ հակառակ դեպքում ամբողջ երկիրը` «Բագրատաշեն» հսկիչ-անցումային կետից (հյուսիսում) մինչև Մեղրի (հարավում), կաթվածահար կլինի, ինչը հղի է լուրջ հետևանքներով։

«Դա բոլորն են հասկացել, այդ թվում` ՀՀԿ-ն, և որոշել, որ Փաշինյանը պետք է ընտրվի վարչապետ։ Բայց խաղը հետո կսկսվի, որովհետև խորհրդարանում ընդդիմադիր մեծամասնություն ունենալը հաճելի չի լինի ոչ մի քաղաքական գործչի համար», — ասաց Քոչարյանը։

Նրա խոսքով` դա նման կլինի Ուկրաինայի գործընթացին, երբ Յուշչենկոն ընտրվեց վարչապետ, բայց խորհրդարանի մեծամասնությունը Ռեգիոնների կուսակցությունից էր։ Հետո արդեն անցկացվեցին արտահերթ ընտրություններ։

Քաղտեխնոլոգի խոսքով` նման ընտրությունները հաճելի երևույթ չեն երկրի համար, բայց եթե չկան երկրում ճգնաժամը հաղթահարելու այլ միջոցներ, ապա դրանք պետք է անցկացվեն։

«Արտահերթ ընտրություններ անցկացնելու համար պետք է հաշվի առնել մի քանի ակնհայտ և թաքնված նրբություններ։ Ակնհայտ նրբություններն են ընտրական օրենսգիրքը, հանձնաժողովները, ընտրատարածքները։ Բայց կան մի քանի թաքնված նրբություններ, որոնք ավելի կարևոր են», — ասաց Քոչարյանը։

Նրա կարծիքով` դա հասարակության` ժողովրդի, ընտրողների մտածողության փոփոխությունն է։ Պետք է հիշել, որ Փաշինյանի հանրահավաքի ժամանակ Հանրապետության հրապարակում հավաքվածների մեծամասնությունը մարդիկ են, որոնք մեկ տարի առաջ կաշառք են բաժանել կամ կաշառք վերցրել։

«Մեծ հարց է` կվերցնե՞ն արդյոք այնտեղ հավաքված մարդիկ 5, 10 կամ 15 հազար դրամ։ Վստահ եմ, որ կվերցնեն, թեկուզ մի մասը», — ասաց Քոչարյանը։

Քաղտեխնոլոգի խոսքով` նույնը վերաբերում է քաղաքական ուժերին։ Կփոխվե՞ն արդյոք նրանց մոտեցումները, կհասկանա՞ն նրանք, որ Հայաստանին պետք չեն մի մարդու մարգինալ կուսակցությունները կամ գաղափարական համակարգային կառույցները։ «Ելք» դաշինքի օրինակով հարց է ծագում, թե կվերածվի՞ արդյոք այն մեկ մեծ կուսակցության։

«Եթե ոչ, ապա մեզ մոտ կլինի նույնը, ինչ եղել է Հայաստանում 1988թ-ի ղարաբաղյան շարժումից մի քանի տարի հետո։ Անձնական հավակնությունները, մշտապես «եսը» ընդգծելը, «Պարույր Հայրիկյանի» ախտանիշը պետք է դուրս գան երկրի քաղաքական դաշտից», — ասաց Քոչարյանը։

Նա նշեց, որ կոալիցիաները պետք է ստեղծվեն ոչ թե մինչև ընտրությունները, այլ դրանցից հետո։ Նրա խոսքով` ցանկացած նորմալ երկրում կուսակցությունները չեն հավաքում ձայների 50 տոկոսը և ստիպված են լինում կոալիցիաներ ստեղծել։

Հիշեցնենք, որ մայիսի 1-ին Փաշինյանը չի ընտրվել վարչապետի պաշտոնում։ Կրկնակի քվեարկություն է սպասվում մայիսի 8-ին։ Խորհրդարանական մեծամասնությունը` Հայաստանի հանրապետական կուսակցությունը, խոստացել է այս անգամ աջակցել նրա թեկնածությանը հանուն երկրում կայունության։