Փաշինյանը հնարավորինս արագ պետք է հրաժարվի «սուպերվարչապետական» համակարգից. Սարգսյան

«Սուպերվարչապետական» համակարգի ստեղծումը իշխանության տարբեր ճյուղերի միջև լուրջ հակակշռի հանգեցրեց, վարչապետի ձեռքում հայտնվեցին գրեթե բոլոր լծակները, ինչը վտանգավոր է, կարծում է Արամ Սարգսյանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի — Sputnik. ՀՀ վարչապետի թեկնածու, բողոքի շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանը պետք է անձամբ փոփոխություններ կատարի ներկայիս «սուպերվարչապետական» համակարգում։ Այս մասին մայիսի 7-ին կայացած մամուլի ասուլիսում ասաց Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը։

Նրա խոսքով` այդ համակարգը կոնկրետ մարդու համար էր ստեղծվում` նախկին վարչապետ և նախագահ Սերժ Սարգսյանի, որը հրաժարական տվեց ապրիլի 23-ին։ Այդ փոփոխությունների հետևանքով լուրջ դիսբալանս առաջացավ իշխանության տարբեր ճյուղերի միջև, վարչապետի ձեռքում հայտնվեցին իշխանության գրեթե բոլոր լծակները։

«Եթե Նիկոլ Փաշինյանը չփոխի այդ համակարգը, ապա «սուպերվարչապետի» պաշտոնը նրան պարզապես կկործանի։ Հուսով եմ` նա հասկանում է դա», — ասաց Սարգսյանը։

Դեմկուսի առաջնորդն առաջարկում է վերականգնել ազգային անվտանգության խորհրդի նախկին ինստիտուտը, որը գործում էր Հայաստանի նախագահի օրոք, վարչապետի որոշակի լիազորություններ փոխանցել այդ կառույցին և քարտուղար նշանակել պրոֆեսիոնալ, ապաքաղաքական մարդու։

Ի՞նչ էր ուզում Կարեն Կարապետյանը «վաղվա Հայաստանի» համար. 13 միտք նախկին վարչապետից

Սարգսյանը նաև նշեց, որ ճիշտ է համարում Փաշինյանի մոտեցումը, որը բազմիցս հայտարարել է վենդետայի անթույլատրելիության մասին։ Միևնույն ժամանակ իրավախախտումներ իրականացրած բոլոր քաղաքական գործիչների և չինովնիկների գործողությունները պետք է հստակ իրավական գնահատական ստանան։ Քաղաքական գործիչը նախկին քաղաքական և տնտեսական համակարգը հրեշ է համարում, որից հնարավոր եղավ ազատվել բողոքի շարժման արդյունքում։ Այժմ հիմնական խնդիրը զարգացման ճիշտ հուն ընտրելն է։ Դրա համար պետք է գրագետ կադրային քաղաքականություն է իրականացնել։

Չի բացառվում, որ նախկին համակարգի ժամանակ աշխատած մարդիկ կարողանան և ցանկություն հայտնեն աշխատելու Փաշինյանի կառավարությունում։ Սարգսյանի կարծիքով` եթե նրանք պրոֆեսիոնալ են և ազնիվ, նրանց պետք է թողնել, որովհետև այսուհետ խաղի կանոններն այլ կլինեն։

«Պարզ է, որ Նիկոլ Փաշինյանը լիարժեք պրոֆեսիոնալ թիմ չունի, որը կկարողանա ղեկավարել հսկայական այդ պետական մեքենան։ Դա առողջապահությունն է, էկոնոմիկան, պաշտպանության ու անվտանգության ոլորտները, մասնագետներ են պետք։ Սրանից ելնելով` կադրային զտումներն այժմ տեղին չեն», — ավելացրեց նա։

Ասվածը, սակայն, չի նշանակում, որ տարբեր կոռուպցիոն սխեմաներում ներգրավված մարդիկ պետք է անպատիժ մնան, ավելացրեց Դեմկուսի առաջնորդը։

Կառավարությունում օլիգարխներ չեն լինի. Փաշինյանը խոստացավ վերացնել մենաշնորհը

Հիշեցնենք, որ Հայաստանում բողոքի զանգվածային ցույցերը սկսվել էին ապրիլի 13-ին, մարդիկ փողոց էին դուրս եկել` պահանջելով նախկին նախագահ, վարչապետ Սերժ Սարգսյանի հրաժարականը։ Ապրիլի 23-ին Սարգսյանը հրաժարական տվեց։

Մայիսի 1-ից հետո, երբ խորհրդարանն ընդդիմադիր առաջնորդ Նիկոլ Փաշինյանին չընտրեց նոր վարչապետ, Փաշինյանը կոչ արեց համընդհանուր գործադուլ և դասադուլ անել։ Մայիսի 2-ին ընդդիմության կողմնակիցները փակեցին հիմնական ու երկրորդական ավտոճանապարհները, որից հետո իշխող կուսակցությունը որոշում կայացրեց աջակցել ժողովրդի թեկնածուին։ Վարչապետի նոր ընտրությունները տեղի են ունենալու մայիսի 8-ին։