«Սուս կաց, տո՛». Կարո Փայլանը` Էրդողանին

Էրդողանն արդեն 16 տարի է` ղեկավարում է երկիրը և այս տարիների ընթացքում հարստացել են միայն նրա կողմնակիցները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի — Sputnik. Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ —HDP) հայ պատգամավոր Կարո Փայլանն արձագանքել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այն նախընտրական խոստմանը, թե բարելավվելու է Թուրքիայում ապրող ցածր եկամուտ ունեցող քաղաքացիների դրությունը:

Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավորն այդ թեմայով գրառում է արել «Twitter» միկրոբլոգում:

Վերացնել Կարո Փայլանին. ինչի՞ են պատրաստ Թուրքիայի իշխանությունները

«Նա 16 տարի կառավարում է երկիրը։ Իր մի բուռ կողմնակիցներից բացի, մեր մյուս քաղաքացիները գտնվում են աղքատության մեջ և պարտքերի տակ։ Եվ նա դեռ ասում է, որ եթե 5 տարի էլ ինձ տաք, ապա դրությունը ավելի կլավանա։ Սուս կաց, տո՛»։

Փայլանը Էրդողանի ռեժիմի հետևողական քննադատողներից մեկն է, այդ թվում նաև` Օսմանյան կայսրությունում իրականացրած Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում։ 2016 թվականի ապրիլին խորհրդարանի նիստերից մեկի ժամանակ Փայլանը հանդես եկավ նախաձեռնությամբ` պահանջելով խորհրդարանական հանձնաժողով ձևավորել և հետաքննել 7 հայ պատգամավորներին Օսմանյան կայսրության տարիներին ձերբակալելու և սպանելու մասին գործը։ 1908-1915 թվականներին 6 հայ պատգամավոր է սպանվել` Գրիգոր Զոհրապ, Պետրոս Հալաջյան, Նազարեթ Տաղավարյան, Կարապետ Փաշայան, Հովհաննես Սերենկյուլյան, Օնիկ Դերձակյան, Համբարձում Բոյաջյան։ Նրանց անունները կարդալով` Փայլանը հայերենով ասաց «Աստված հոգիները լուսավորի»։

Հայ պատգամավորը նաև բազմիցս կոչ է արել երկրի իշխանությանը ընդունել սեփական պատմությունը և ճանաչել հայ ժողովրդի Ցեղասպանության փաստը։