Կարեն Կարապետյանը շնորհավորել է Մեդվեդևին Հաղթանակի 73–ամյակի կապակցությամբ

Երկու ժողովուրդների եղբայրական բարեկամությունը, որն ավելի էր ամրապնդվել պատերազմի դաժան տարիներին, ամուր հիմք է հայ-ռուսական միջպետական հարաբերությունների համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի — Sputnik. ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևին՝ Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 73-րդ տարեդարձի կապակցությամբ: Այս մասին հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը։

Գյումրեցի վետերանները Մոսկվա կմեկնեն նոր հագուստով ու 73 տարվա երազանքով

Ուղերձում ասվում է. «Հարգելի Դմիտրի Անատոլիի, ընդունեք իմ անկեղծ շնորհավորանքները մեր ժողովուրդների համար առանձնահատուկ տոնի՝ Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 73-րդ տարեդարձի կապակցությամբ:

Այս տարեթիվն ընդմիշտ գրանցված է մեր պատմության մեջ: Մարտի դաշտում ուս ուսի հերոսաբար կռվող և թիկունքում անձնազոհաբար աշխատող մեր հայրերի ու պապերի՝ հաղթողների սերնդի անմահ սխրանքն իր վճռորոշ ներդրումն ունեցավ ֆաշիզմից աշխարհն ազատագրելու գործում:

Մեր ժողովուրդների եղբայրական բարեկամությունը, որն ավելի էր ամրապնդվել պատերազմի դաժան տարիներին, ամուր հիմք է հայ-ռուսական միջպետական հարաբերությունների համար, որոնք անփոփոխ զարգանում են դաշնակցային փոխգործակցության հունով՝ ի շահ ապագա սերունդների:

Հարգելի Դմիտրի Անատոլիի, խնդրում եմ Ռուսաստանում բնակվող վետերաններին փոխանցել քաջառողջության ու բարօրության, իմ խորին երախտագիտության խոսքերը, իսկ ռուսաստանցիներին՝ խաղաղություն ու բարգավաճման մաղթանքները»: