ՀՀԿ–ն որոշել է` ովքեր են կողմ քվեարկելու Փաշինյանին

Սերժ Սարգսյանի նախագահությամբ կայացած նիստում Հանրապետական կուսակցությունն ընտրել է այն պատգամավորներին, որոնք իրենց ձայներով կնպաստեն Նիկոլ Փաշինյանի ընտրությանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի — Sputnik. ԱԺ ՀՀԿ խմբակցությունը վաղվա նիստում աջակցելու է Նիկոլ Փաշինյանին ընտրվելու ՀՀ վարչապետի պաշտոնում։ ՀՀԿ գրասենյակում կայացած կուսակցության գործադիր մարմնի և խմբակցության նիստից հետ լրագրողներին հայտնեց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։

«Մենք պարտավոր ենք շահած դուրս գալ» . նախագահ Սարգսյանը` վարչապետի ընտրության մասին

«Եթե չեմ սխալվում Փաշինյանի օգտին հավաքվել է 45 ստորագրություն, և ՀՀԿ խմբակցությունը համապատասխան քանակով ձայներ կապահովի, որպեսզի մենք վաղն ընտրենք վարչապետ»,- ասաց Շարմազանովը։

Նա նաև նշեց, որ կողմ քվեարկող պատգամավորներն ընտրվել են կուսակցության որոշմամբ։ Բայց թե ովքեր են նրանք, ՀՀԿ խոսնակը չցանկացավ բացահայտել։

Հիշեցնենք` ՀՀԿ ԳՄ և խմբակցության նիստերը վարել է կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը:

Նիստի օրակարգում մայիսի 8-ին կայանալիք վարչապետի ընտրությանը ՀՀԿ խմբակցության քվեարկության հետ կապված հարցերն էին: