Թավշյա հեղափոխությունը չի հարվածել տնտեսությանը. հարկերն ավելացել են

Հայաստանում ապրիլին ստեղծված ներքաղաքական վիճակը տնտեսության վրա չի անդրադարձել։ Հարկային եկամուտներն ավելացել են։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի — Sputnik. 2018թ-ի ապրիլին անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ հարկային մուտքերն աճել են ավելի քան 27%-ով։ Այս մասին հայտնում է ՀՀ Պետական եկամուտների կոմիտեն։

Պաշտոնական վիճակագրության համաձայն` այս տարվա ապրիլին պետական բյուջե է մուտքագրվել 108.3 մլրդ դրամ հարկային եկամուտ,ինչը 23.2 մլրդ դրամով կամ 27.2%-ով շատ է նախորդ տարվա նույն ցուցանիշից։

ՊԵԿ տվյալներով` 2018թ-ի ապրիլին նախորդ տարվա ապրիլի համեմատ առևտրային հարկ վճարողների վճարած հարկերն աճել են 34.9%-ով, որից խոշոր և միջին հարկ վճարողներինը` 37.9%-ով, փոքր հարկ վճարողներինը` 23.6%-ով:

Ի դեպ, ՊԵԿ-ի ներկայացրած ցուցանիշում ներառված չեն դրամաշնորհային վճարները։

Ապրիլի ընթացքում պետական կառավարման համակարգում մտավախություններ կային, որ երկրում ստեղծված իրավիճակը կարող է բացասաբար ազդել տնտեսության վրա։