Նախագահի խորհրդական. ԵԱՏՄ–ից Հայաստանի դուրս գալը ելք չէ

Թևան Պողոսյանը արդարացված է համարում վարչապետի թեկնածու, բողոքի շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանի տեսակետը, որի համաձայն` Հայաստանը կտրուկ շարժումներ չպետք է անի արտաքին քաղաքականության մեջ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի — Sputnik. Հայաստանի նոր կառավարությունը պետք է իրականացնի առավել կանխատեսելի արտաքին քաղաքականություն և ոչ թե հեռու մնա նախկին պարտավորություններից: Նման տեսակետ այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց ԱԺ նախկին պատգամավոր, այժմ ՀՀ նախագահի խորհրդական Թևան Պողոսյանը:

Թևան Պողոսյանն արդարացված է համարում վարչապետի թեկնածու, բողոքի շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանի տեսակետը, որի համաձայն` Հայաստանը կտրուկ շարժումներ չպետք է անի արտաքին քաղաքականության մեջ։

Փաշինյան. Հայաստանը կմնա ԵԱՏՄ–ի և ՀԱՊԿ–ի կազմում. սա ժողովրդի պահանջն է, ոչ թե քմահաճույք

«Ինտեգրացիոն այն միությունները, որոնց մենք արդեն անդամակցում ենք, կարելի է և պետք է օգտագործել մեր երկրի զարգացման, մեր շահերի ապահովման համար։ Եթե մենք տեսնում ենք, որ ինչ-որ կետեր կամ պայմանավորվածություններ կան, որոնք չեն իրականացվում, ապա մենք, առաջին հերթին, ոչ թե պետք է դուրս գանք այդ կառույցներից, այլ հետևողականորեն հասնենք նրան, որ այդ կետերն իրականացվեն», – նշեց Պողոսյանը։

Նա համոզված է, որ ժողովրդավարությունը ոչ միայն թափանցիկ և կանխատեսելի ներքին գործընթաց է, այլև հուսալի արտաքին քաղաքականություն։

Հիշեցնենք, որ բողոքի ցույցերի առաջնորդն այդ օրերին բազմիցս հայտարարել էր, որ վարչապետ ընտրվելու պարագայում մտադիր է ԵԱՏՄ և ՀԱՊԿ շրջանակներում խորացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները, անկախ նրանից, որ այդ հարաբերություններում կարող են որոշակի խնդիրներ լինել։ Այդ խնդիրները պետք է քննարկել կառուցողական մթնոլորտում և լուծման մեխանիզմներ գտնել։

Պողոսյանը նաև կոչ արեց հանգիստ վերաբերել Հայաստանի և հայ ժողովրդի հասցեին այս օրերին անհարգի արտահայտություններ թույլ տված առանձին արտասահմանյան, այդ թվում` ռուսական մեկնաբանների ելույթներին և հրապարակումներին։ Նրա խոսքով` Հայաստանը բազում թշնամիներ ունի, որոնք փորձել են և փորձելու են Երևանի դեմ ուղղված տարբեր տեղեկատվական արշավներ նախաձեռնել։