Սերժ Թանկյանը խոստացել է մտածել մշտապես Հայաստան տեղափոխվելու Փաշինյանի առաջարկի մասին

Փաշինյանը պաշտոնական հավաստիացում է ստացել, որ իր թեկնածությանը կողմ են քվեարկելու ՀՅԴ-ն, «Ելքը», «Ծառուկյան» դաշինքը և Հանրապետական խմբակցության մի շարք պատգամավորներ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի — Sputnik. Հայազգի հանրահայտ երգիչ Սերժ Թանկյանի ելույթից հետո Հանրապետության հրապարակում հավաքվածների առաջ ելութ ունեցավ նաև ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ լրացել է վարչապետի ընտրությունների երկրորդ փուլի համար առաջադրման ժամկետը:

Հիմա ամբողջ աշխարհն է ձեզ նայում որպես դրական օրինակ. Սերժ Թանկյան

«Առաջադրված է ձեր առաջադրած թեկնածուն: Պաշտոնական հավաստիացում եմ ստացել, որ կողմ քվեարկելու են ՀՅԴ-ն, «Ելքը», «Ծառուկյան» դաշինքը և Հանրապետական խմբակցության մի շարք պատգամավորներ: Այսինքն՝ ունենք 95 տոկոս հավանականություն, որ վաղը ձեր առաջադրած թեկնածուն կընտրվի ՀՀ վարչապետ»,-նշեց Նիկոլ Փաշինյանը:

Նա նաև տեղեկացրեց, որ վաղն ինքն անձամբ ոչ աշխատանքային օր է հայտարարում, որպեսզի բոլորը հնարավորություն ունենան հետևելու վարչապետի ընտրության գործընթացին: Վաղը ևս բոլորը ժամը 11:00-ին կհավաքվեն Հանրապետության հրապարակում և մեծ էկրանների միջոցով կկարողանան հետևել, թե ինչ է կատարվելու Ազգային ժողովում:

Ամփոփելով ելույթը՝ Փաշինյանը տեղեկացրեց, որ օդանավակայանից հրապարակ գալու ճանապարհին համոզում էր Սերժ Թանկյանին մշտական բնակություն հաստատել Հայաստանում, և նա էլ խոստացավ մտածել այդ մասին: