Կառավարությունում օլիգարխներ չեն լինի. Փաշինյանը խոստացավ վերացնել մենաշնորհը

Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ–ում խոսել է ապագա կառավարության կազմի մասին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի — Sputnik. Կառավարության կազմում օլիգարխներ չեն լինի։ Այս մասին այսօր ԱԺ–ում լրագրողներին ասաց Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով ապագա կառավարության կազմի մասին հարցերին։

«Մենք չենք պատրաստվում վենդետաների։ ՀՀ–ում քաղաքական և տնտեսական հետապնդումների էջը փակված է»,– ասաց Փաշինյանը։

Թե ով է կողմ քվեարկելու Փաշինյանին, ՀՀԿ–ն կորոշի Սերժ Սարգսյանի վարած նիստում

Իսկ տնտեսական հնչեղ հանցագործությունների մասին հանրությունն իր հարցերի պատասխանները կստանա, խոստացավ Փաշինյանը։

Մայիսի 8-ից սկսած բոլորը կարող են ներկրել ինչ ցանկանում են։ «Իմ վարչապետ ընտրվելու պահից մենաշնորհներ այլևս չեն լինելու»,–հայտարարեց նա։

Ինչ վերաբերում է առաջիկա ծրագրերին, Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ կառավարության ծրագրի վրա դեռ չի աշխատում։ Առավել արդիական է կառավարության կազմի ընտրությունը։ Նոր կառավարության անդամների անուններ Փաշինյանը չհրապարակեց։

«Կառավարության հավաքական դեմքը պետք է արտահայտի այն շունչը, որ առկա է Հայաստանում»,– ասաց Փաշինյանը։

Հիշեցնենք, վաղը` մայիսի 8–ին ԱԺ–ը պետք է ՀՀ վարչապետ ընտրի։ Առայժմ առաջադրվել է միայն Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը։

Վարչապետի ընտրությունից հետ նոր կառավարության ձևավորումման համար ՀՀ Սահմանադրությունը 5–օրյա ժամկետ է նախատեսում։