Հեղափոխական պայքարի սկզբում Փաշինյանի կուսակիցները հաղթական ավարտին չէին հավատում

Փաշինյանի կուսակիցները գիտեին, թե ինչ է անելու Փաշինյանը, բայց չգիտեին` ինչ է անելու իշխանությունը։ Մարուքյանը չի թաքցնում` սպասել են իրադարձությունների զարգացմանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի — Sputnik. Փաշինյանի կուսակիցները պայքարի առաջին օրերին չեն հավատացել դրա հաղթական ավարտին։ Այսօր լրագրողների հետ զրույցում խոստովանել է «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը։

«Տեղի է ունեցել մի բան, որին հազարավոր մարդիկ չեն հավատացել»,– ասաց Մարուքյանը` չթաքցնելով, որ չհավատացողներից մեկն էլ ինքն է եղել։

ՀՅԴ–ն նոր կառավարության պաշտոններից չի հրաժարվի

«Մենք գիտեինք, թե ինչ է անելու Փաշինյանը, բայց ինչ է անելու իշխանությունը, մենք չենք իմացել»,– ասաց նա։

Անդրադառնալով պայքարի առաջին օրերին Փաշինյանին չմիանալուն` Մարուքյանն այդ ձևակերպումը չընդունեց` նշելով, որ «Ելքի» ու նրա մեջ մտնող «Քաղաքացիական պայմանագրի» անդամները Փաշինյանին միայնակ չեն թողել, այդ օրերին զբաղվել են բերման ենթարկվածների իրավունքների պաշտպանությամբ ու միջազգային դիվանագիտական կառույցների հետ հանդիպումներով։

Իսկ իշխանափոխությունից հետո «Ելքը» կարևորում է պայքարի ձեռքբերումների ամրագրումը։

«Փոփոխությունների սկիզբը կդրվի վաղը` վարչապետի ընտրությունից հետո։ Երկրի կառավարման ղեկը` գոնե գործադիրի, փոխանցվում է ընդդիմությանը, և դրանով հիմք է դրվում իշխանափոխությանը»,– ասաց Մարուքյանը։

Քաղաքական ուժերի դիրքորոշումների կտրուկ փոփոխությունները «առնետավազք» որակելու հետ Մարուքյանը ևս չհամաձայնեց` նշելով, որ երկրում իրողություններ են փոխվել, և յուրաքանչյուրն ինքն է որոշու ինչպես կազմակերպել իր քաղաքական հետագա քայլերը։

Հիշեցնենք, վաղը` մայիսի 8–ին ԱԺ–ում նախանշված են ՀՀ վարչապետ ընտրությունները։ Առաջադրված միակ թեկնածուն այս պահին Նիկոլ Փաշինյանն է։ Առաջադրման ժամկետն ավարտվում է այսօր` ժամը 18։00–ին։