ՀՀԿ գրասենյակում կռի՞վ է

ՀՀԿ գրասենյակի պատշգամբից վիճաբանության ձայներ են լսվում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի — Sputnik. Հայաստանի Հանրապետական կուսակցության գրասենյակում մեկնարկել է կուսակցության գործադիր մարմնի նիստը: Գրասենյակի պատշգամբից վիճաբանության ձայներ են լսվում։ Այս մասին հայտնում է Sputnik Արմենիայի թղթակիցը։

«Ձայները լսելուն պես անվտանգության աշխատակիցները ներս վազեցին, այս պահին դռներն ու պատուհանները փակել են»,- նշում է մեր թղթակիցը։

Նշենք, որ նիստը վարում է կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը: Գործադիր մարմնի անդամները քննարկում են մայիսի 8-ին կայանալիք վարչապետի ընտրության հետ կապված հարցեր:

Գործադիր մարմնի նիստից հետո նախատեսվում է նաև ՀՀԿ խորհրդարանական խմբակցության նիստը:

ՀՀԿ–ականները հավաքվել են գրասենյակում. այնտեղ է նաև Սերժ Սարգսյանը

Մայիսի 8-ին՝ ժամը 12:00-ին, Ազգային ժողովի հատուկ նիստում տեղի կունենա ՀՀ վարչապետի ընտրության երկրորդ փուլը: ՀՀ վարչապետի միակ թեկնածուն «Ելք» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն է:

Համաձայն ՀՀ Մայր օրենքի՝ եթե պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ երկրորդ անգամ վարչապետ չի ընտրվում, ապա Ազգային ժողովն արձակվում է իրավունքի ուժով և նշանակվում են արտահերթ խորհրդարանական ընտրություններ: