Հեծանվորդին այնպես էին նայում, կարծես մերկ լիներ, կամ փակված փողոցների հերոսների մասին

Ավելի քան երկու շաբաթ ցուցարարները փակում էին Երևանի ճանապարհները։ Շատերն այդ ընթացքում հեծանիվներով էին տեղաշարժվում, որպեսզի գոնե ինչ–որ կերպ մի տեղ հասնեն։ Sputnik Արմենիայի թղթակիցը զրուցել է նրանց հետ, ովքեր ամեն օր են հեծանիվով աշխատանքի գնում` անկախ ցույցերից։
Sputnik

Թեև Երևանում, ի տարբերություն եվրոպական քաղաքների, հեծանվային առանձին արահետներ և այլ հարմարություններ չկան, այդուհանդերձ քաղաքում շատ են հեծանվորդները։ Վերջին շրջանում երկանիվ բարեկամը երևանցիների համար մարզական գույքից վերածվել է տրանսպորտային հարմարավետ միջոցի։ Հեծանվորդներին խցանումները չեն վախեցնում, նրանց հազիվ թե կանգնեցնեն ոստիկանները, իսկ ոմանց համար էլ հեծանվով տեղաշարժվելը հոգևոր ներդաշնակության հասնելու միջոց է։ Մանրամասների մասին հեծանվորդներն անձամբ կպատմեն։

Հովհաննեսը 28 տարեկան է, նա ծրագրավորող է, արդեն մի քանի տարի է` հեծանիվով է գնում աշխատանքի, ընկերների հետ հանդիպման և երբեմն նույնիսկ քաղաքից դուրս։ Հեծանիվով երթևեկելը նրա տարերքն է, բայց պատահաբար է սկսել զբաղվել դրանով։

«Ընկերուհուս` արդեն կնոջս հետ, որոշեցինք հեծանիվներ վարձել մեկ օրով, — պատմում է Հովհաննեսը, — սակայն այնքան տարվեցինք, որ մինչև երեկո շրջեցինք հեծանիվներով և չհասցրինք ժամանակին հետ հանձնել. վարձույթն արդեն փակ էր։ Պայմանավորվեցինք վարձակալների հետ, որ վաղ առավոտյան կվերադարձնենք»։

Հովհաննեսը հեծանիվով տուն գնաց, իսկ առավոտյան` աշխատանքի։ Նրան այնքան դուր եկավ, որ առանց երկար չմտածելու նույն օրը խանութ գնաց և իր համար հեծանիվ գնեց։ Այդ օրվանից հեծանիվը նրա հավատարիմ ընկերն է։

Ованнес Бабаян

«Իհարկե հեծանիվն այդքան էլ հարմարավետ չէ Երևանով երթևեկելու համար, բայց հենց դրանով է այն ինձ գրավում, — ժպտում է Հովհաննեսը, — ադրենալինի մեծ չափաբաժին ես ստանում մինչև մի վայրից մյուսն ես հասնում։ Շուտով մենք երեխա ենք ունենալու, և մտածում եմ մեքենա գնելու մասին։ Բայց համոզված եմ, որ նույն հաճույքը չեմ ստանա։ Բացի այդ, ոչ ոք չի արգելում հեծանիվ նստել խմած ժամանակ», — ծիծաղում է Հովհաննեսը` վստահեցնելով, որ դա կատակ է։

Սակայն եթե հաշվի առնենք, որ հեծանվորդներն առանց այդ էլ անընդհատ ոլոր-մոլոր են ընթանում, գինովցած «վարորդին» սթափ վարորդից հազիվ թե հնարավոր լինի տարբերել։

Գևորգը հեռուստալրագրող է։ Նա կարոտով է հիշում այն ժամանակները, երբ աշխատում էր էլեկտրոնային պարբերականում. այդ ժամանակ Գևորգն իր նյութերը միայնակ էր պատրաստում` առանց օպերատորի ուղեկցության, և հարցազրույցների կամ դեպքի վայր նա հեծանիվով էր գնում։

«Հատկապես ցույցերի և հանրահավաքների ժամանակ հեծանիվը լրագրողի համար լավագույն տրանսպորտային միջոցն է, — ասում է Գևորգը, — այն ժամանակ ցույցի հավաքատեղիները հեծանիվով էի շրջանցում, հարցազրույցներ վերցնում, հետաքրքիր փաստեր նկատում և նույն հեծանիվով վերադառնում գրասենյակ` աշխատելու»։

Ավելի քան հինգ տարի է` Գևորգը նույն հեծանիվով է տեղաշարժվում, բայց վստահեցնում է` գործարանայինից միայն կմախքն է մնացել։ Ժամանակի ընթացքում նա փոխել է ամեն ինչ` սկսած ոտնակներից մինչև անիվներ։ Մեկ տարի հեծանիվ վարելուց հետո Գևորգն ավտոմեքենա է գնել։ Առավոտյան եղանակն ու տրամադրությունն են հուշում Գևորգին, թե որ փոխադրամիջոցն ընտրի այդ օրը։

Геворг Тосунян

«Հեծանիվը հանգստացնում է նյարդերը, կենտրոնանում ես միայն ճանապարհի, շրջապատող բնապատկերների վրա, մոռանում խնդիրներիդ մասին։ Փորձում ես հավասարակշռություն պահել հեծանիվի վրա, միաժամանակ հավասարակշռության ես հասնում նաև ներսումդ», — ասում է նա։

Գևորգն իր ընտանիքում միակը չէ, որ սիրում է հեծանիվ վարել։ Նրա եղբայրը չորս հեծանիվ ունի։ Նրանք գրեթե յուրաքանչյուր հանգստյան օրերին հեծանվային արշավներ են կազմակերպում, Սևան, Գառնի, Ողջաբերդ են գնում։

Երևանի փողոցներում նվագող երաժիշտները․ երբ վաստակում ես ավելի շատ, քան հարսանիքում

Քաղաքի որոշ հատվածներում ճանապարհների վրա հեծանիվների համար նախատեսված գծանշումներ կան, նկատում է Գևորգը, խոսելով այն մասին, թե Երևանը որքանով է հարմարեցված տրանսպորտային այդ միջոցով տեղաշարժվելու համար։ Սակայն ցավն այն է, որ այդ ճանապարհները երբեմն կտրուկ ավարտվում են և ոչ մի տեղ չեն տանում։

«Քաղաքապետարանի բուտաֆորական մտահղացումն է։ Իրականում, եթե հեծանվորդներն իրենց ճանապարհը ունենային, նրանց թիվը քաղաքում ավելի մեծ կլիներ։ Ես ինքս կհրաժարվեի ավտոմեքենայից և ավելի հաճախ կօգտվեի հեծանիվից», — ասում է մեր զրուցակիցը։

Արման Անտոնյանը ոչ միայն ստաժավոր հեծանվորդ է, այլև Սիրողական հեծանվասպորտի և հեծանվային զբոսաշրջության ֆեդերացիայի նախագահը։ Նա շատ լավ գիտի, թե ինչ անհարմարություններ կան քաղաքում հեծանիվով տեղաշարժվելու համար և ինչ է պետք անել, որ Երևանը հեծանվորդների համար փոքրիկ դրախտ դառնա։

Арман Антонян

Արմանը 38 տարեկան է։ Նա հաճախ է հեծանիվ վարել փոքր տարիքում, բայց պատանեկության տարիներին դրանով չի հետաքրքրվել։

«Երբ 20-25 տարեկան էի, Երևանում հեծանվորդներին նայում էին այնպես, կարծես մերկ լինեին, — հիշում է Արմանը, — հազվադեպ էր ինչ-որ մեկն առօրյայում հեծանիվից օգտվում։ Ինձ համար ամեն ինչ փոխվեց, երբ առաջին անգամ Եվրոպա մեկնեցի»։

Եվրոպական քաղաքում բոլորը հեծանիվներով էին տեղաշարժվում, և Արմանը նույնպես որոշեց փորձել։ Նրան այնքան դուր եկավ այդ փոխադրամիջոցը, որ Հայաստան վերադառնալուն պես հեծանիվ գնեց ու ֆեդերացիա ստեղծեց հեծանվորդների համար։

«Պետք էր մարդկանց ապացուցել, որ հեծանիվը, բացի ժամանցից, նաև փոխադրամիջոց է։ Ուրախ եմ, որ այսօր մատնացույց են անում ոչ թե նրան, ով հեծանիվ ունի, այլ նրան, ով հեծանիվ վարել չգիտի»։

Անձրևը, ձյունն ու երթուղայինների փնթփնթացող վարորդները կարծես թե երևանյան հեծանվորդների «ամենավտանգավոր» թշնամիներն են։ Սակայն ավտոմեքենաների վարորդների և հետիոտների «թշնամիներն» էլ են անհաշվելի։ Եվ պետք չէ մոռանալ նաև առողջության մասին. հեծանիվը ոչ միայն կոփում է սեփական մարմինը, այլև բնապահպանությանը վնաս չհասցնելով պահպանում է շրջապատող մարդկանց առողջությունը։

Նյութի բնագիրը