Թե ով է կողմ քվեարկելու Փաշինյանին, ՀՀԿ–ն կորոշի Սերժ Սարգսյանի վարած նիստում

ՀՀԿ–ն ընդդիմություն դառնալուց չի վախենում ու կքվեարկի Նիկոլ Փաշինյանի օգտին։ Վերջնական որոշումը կկայացվի Սերժ Սարգսյանի վարած նիստում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի — Sputnik. ՀՀԿ–ն հավատարիմ կմնա իր հայտարարությանն ու իր ձայներով կօժանդակի, որպեսզի ՀՀ–ն ունենա նոր վարչապետ։ Այս մասին այսօր ԱԺ–ում, լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը։

Հեղափոխական պայքարի սկզբում Փաշինյանի կուսակիցները հաղթական ավարտին չէին հավատում

Իսկ թե վաղը ՀՀԿ–ից ովքեր են կողմ քվեարկելու Փաշինյանին, առայժմ որոշված չէ։ Այս հարցով հանրապետականներն այսօր ՀՀԿ ԳՄ և խմբակցության նիստեր են գումարելու։ Այս մասին տեղեկացրեց Բաղդասարյանը` հավելելով. «Դա մենք ենք որոշելու և հավատացած եղեք, որ շեղումներ չեն լինի»։

Ըստ լուրերի` Նիկոլ Փաշինյանի օգտին վաղը պետք է քվեարկեն հիմնականում գործարար պատգամավորները։ Իսկ սուր ելույթներով Փաշինյանի դեմ հանդես եկող պատգամավորները, ըստ այդ սցենարի, կպահպանեն իրենց դեմքը։

Ինչ վերաբերում է նոր կառավարության ներկայացրած ծրագիրը չընդունելու և ԱԺ արտահերթ ընտրությունների գնալու տարբերակին, Բաղդասարյանը չհերքեց նման հնարավորությունը։

ՀՅԴ–ն նոր կառավարության պաշտոններից չի հրաժարվի

«Դուք տեսե՞լ եք այդ ծրագիրը։ Մենք էլ չենք տեսել։ Կբերի, կտեսնենք»,– ի պատասխան լրագրողների հարցի ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավարը։

Նա նաև հայտարարեց, որ Փաշինյանի ղեկավարման հետ կապված մտահոգությունները չեն փարատվել` թե՛ անվտանգության և թե՛ արտաքին քաղաքականության վեկտորի փոփոխության վերաբերյալ։

Ընդդիմություն դառնալուց ՀՀԿ–ն չի վախենում։ «Մենք պատրաստ ենք նաև ընդդիմություն լինել»,– ասաց Բաղդասարյանը,– մենք պատրաստ ենք դրականը գնահատելու, բացասականը` քննադատելու»։

Հիշեցնենք, վաղը` մայիսի 8–ին ԱԺ–ը պետք է ՀՀ վարչապետ ընտրի։ Ընտրվելու համար Նիկոլ Փաշինյանին անհրաժեշտ է նաև ՀՀԿ պատգամավորներից մի քանիսի ձայները։